կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 22:36
Հասարակություն

Իրականում ինչ ենք մենք ստացել, Ադրբեջանը իր վրա և ոչ մի պարտավորություն չի վերցրել. Ավետիք Չալաբյան

Իրականում ինչ ենք մենք ստացել, Ադրբեջանը իր վրա և ոչ մի պարտավորություն չի վերցրել. Ավետիք Չալաբյան

Հանրային գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը անդրադարձել է այսօր Սոչիում ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև համատեղ հայտարարությանը:

«Համոզված եմ, որ շատերդ օրվա ընթացքում սրտատրոփ սպասվել եք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու Սոչիում, և այս պահին փորձում եք հասկանալ, թե իրականում ինչ ենք մենք ստացել։

Իմ արագ վերլուծությունը ցույց է տալիս մի քանի բան՝

ա) այս փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը, որոշվելու նրա կարգավիճակը, և խաղաղություն հաստատվելու կողմերի միջև, և դա ակնհայտորեն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե ուշադրություն եք դարձրել, այսօր իր ելույթների ընթացքում Ադրբեջանի նախագահը գեթ մեկ անգամ իսկ չի արտաբերել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, իր ողջ տեսքով ցույց տալով, որ այդպիսի սուբյեկտ այլևս գոյություն չունի։ Այս հայտարարությունը անուղղակի կերպով դա հաստատել է։

բ) կողմերը պայմանավորվել են գնալ երկու պետությունների միջև սահմանազատման, որը նախորդ կետի շարունակությունն է՝ ակնհայտ է, որ առանց Արցախի կարգավիճակի հաստատման, սահմանազատումը բերելու է Ադրբեջանի կողմից նրա կլանման և հայաթափման։

գ) Ադրբեջանը իր վրա և ոչ մի պարտավորություն չի վերցրել՝ ոչ գերիների հանձնման, ոչ Հայաստանի սուվերեն տարածքից զորքերի հեռացման, ոչ Արցախի որևէ տարածքի դեօկուպացման՝ բացառապես ոչ մի պարտավորություն։

դ) կողմերը պայմանավորվել են միայն տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, որն ակնհայտ ռուս-թուրք-ադրբեջանական օրակարգ է, և առաջին հերթին ծառայում է նրանց տնտեսական շահերին։

Ես չգիտեմ, թե ինչ է շահել Հայաստանը, այս հայտարարությունը ստորագրելով։ Գուցե այն անձը, որը փորձում է ներկայացնել Հայաստանը, և իր ստորագրությունը դրել է այս փաստաթղթի տակ, դա կարողանա բացատրել՝ ևս երկու ժամ ծռմռվելով և իր ընտրողների ուղեղները լվանալով։ Ես գիտեմ միայն մի բան՝ պետք է մոբիլիզացվենք, դիմադրենք, և թույլ չտանք մեր հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն»։