կարևոր
7024 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-30 12:56
Քաղաքական

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, բեկումնային է․ Ավետիք Չալաբյան

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, բեկումնային է․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.

«Այս տարվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են հայկական բանակին մատակարարել ժամանակակից սպառազինությունների տարբեր տեսակներ, և դրանց միջոցով արմատապես արդիականացնել բանակը և վերափոխել նրա մարտավարությունը։

Պահանջվեց առնվազն ևս կես տարի, սեպտեմբերի 13-14-ի ողբերգական դեպքերը, թշնամու մեկը մյուսից լկտի սադրանքները, ներսից հանրային կոշտ ճնշումը, որպեսզի մեր երկրի «խաղաղամոլ» իշխանությունը ի վերջո թույլ տա բանակին երկրի ներսում սպառազինություն գնել։ Տարվա վերջին, մեր ռազմաարդյունաբերական մի շարք ընկերություններ բանակին են սկսել մատակարարվել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները, և դա դեռ գործի սկիզբն է։

Ռազմական գաղտնիքից ելնելով, չեմ կարող նշել ոչ սպառազինություններ տեսակները, ոչ թվաքանակը, ոչ էլ ընկերությունները անունները, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես բեկումնային է։ Թեև նախկինում էլ որոշ հայկական ընկերություններ սեփական արտադրության սպառազինություն են մատակարարել մեր բանակին, այսօր դա սկսել է մասսայական բնույթ կրել, և խոսքը առաջին հերթին վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին։ Եթե մեր բանակը կարողանա արդյունավետ յուրացնել դրանք, շարունակի պահել վերազինման տեմպը, եթե մեր զինվորները սովորեն դրանցով կռվել, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք որակապես նոր բանակ, որը կարող է արդեն որակապես նոր մարտական խնդիրներ լուծել, և իրական սարսափ դառնալ թշնամու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա, մենք համոզված ենք եղել, որ հայ ազգը խաղաղություն կվայելի և կբարգավաճի միայն այն դեպքում, եթե հզոր և ամուր լինի, իսկ դա առաջին հերթին (թեև ոչ միայն) բանակն է և նրա թիկունքը հանդիսացող ռազմարդյունաբերությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք տարիներ շարունակ մեր ջանքերն ենք դրել բանակի ամրապնդման և ռազմարդյունաբերության զարգացման մեջ։ Այժմ, երբ մենք տեսնում ենք դրա առաջին համեստ պտուղները, մենք ավելի քան վճռական ենք շարունակել մեր հանձնառությունը՝ զարգացնել մեր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, հզորացնել մեր բանակը, և նորացված հայկական ուժով նվաճել խաղաղ ապրելու բերկրանքը մեր սրբազան հողի վրա։

Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության հերթական փորձության առաջ, երբ Արցախի կորուստի վտանգը դարձել է շատ իրական, մենք առավել ևս իրավունք չունենք ընկճվելու և կանգ առնելու։ Մենք համոզված ենք, որ Արցախը ևս ապաշրջափակելու և ի վերջո ազատագրելու է հայի զորեղ բազուկը, և ի տարբերություն տարբեր միամիտների, կեղծավորների և օտարամոլների, մեր հույսը երբեք չենք դրել ու չենք դնելու ուրիշի խաղաղապահների վրա, այլ ինքներս ենք ամենօրյա աշխատանքով մոտեցնելու այդ օրը։ Մինչ այդ, ցանկանում են իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք իրենց հավատով, տաղանդով և աշխատասիրությամբ փոխում են մեր իրականությունը, և որոնց ձեռամբ են կերտվելու մեր վաղվա հաղթանակները: Վարձքներդ կատար, քույրեր և եղբայրներ, և նորանոր ձեռքբերումներ մեզ բոլորիս»: