կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-25 22:05
Հասարակություն

Այլասերված իշխանությունը

Այլասերված իշխանությունը

Մարդկության պատմությունից հայտնի է, որ բոլոր հեղափոխականները և նույնիսկ պսեվդոհեղափոխականները քննադատում են գործող բարքերը, խոստանում են իշխանությունը փոխելուց հետո փոխել նաև բարքերը, քննադատում են այլասերվածությունը, կադրային քաղաքականությունը, գանձագողությունը, կոռուպցիան, բայց իշխանությունը վերցնելուց շատ չանցած խորացնում են բոլոր այն խնդիրները, որոնք լուծելու համար էին մարդկանց փողոց հանում:

Հեղափոխականները շատ արագ այլասերվում են ու հեռացվում ասպարեզից: Այդպես եղավ ֆրանսիական հեղափոխության ժամանակ, բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, ժամանակակից գունավոր հեղափոխությունների ժամանակ:

Առաջին ալիքի հեղափոխականները՝ ժիրոնդիստները, բոլշևիկների «կոսմոպոլիտ» թևը, «Ղարաբաղ» կոմիտեի իշխանավոր դարձածների մի մասը, սահակաշվիլիները, պորոշենկոները, իշխանության եկան լուսավոր գաղափարներով ու հետո շատ արագ այլասերվեցին ու վռնդվեցին իշխանությունից: Նույնը տեսնում ենք «թավշյա» հեղափոխականների դեպքում:

Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ թիմը իշխանության եկան արդարության հաստատման լոզունգներով, թալանի դեմ կոչերով, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի մերժման մասին խոստումներով, արժանավորների կառավարություն ձևավորելու հանձառությամբ, սակայն շատ արագ դավաճանեցին իրենց հռչական սկզբունքներին և այլասերվեցին՝ զուգահեռաբար պատուհաս դառնալով մեր երկրի գլխին:

«Թավշյա» հեղափոխության խորհրդանիշը Նիկոլն է, որը մտել է պետական բյուջեի մեջ ու դուրս չի գալիս: Նա կոռուպցիային ու թալանին տվել է նոր տեսք՝ ընդամենն ավելացնելով «թղթաբանությունն» ու «լայվերը»:

«Թավշյա» հեղափոխության խորհրդանիշ դառնալու հավակնություն է դրսևորում նաև ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը: Կառավարությունը որոշել է մեկ անձից գնման ընթացակարգով BMW 750 LI Xdrive դասի ավտոմեքենա ձեռք բերել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Անկախ այն բանից, թե ինչ որոշում կկայացվի այս մասով, միայն նման նախագիծը վկայում է «թավշիստների» բացարձակ այլասերվածության մասին:

Այն դեպքում, երբ մենք կորցրել ենք Արցախի պետականությունը, ունեցել ենք հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, Հայաստանի տարածքների կորուստ ու պետականության կորստի վտանգի առաջ ենք կանգնած, թանկարժեք BMW-ի գնման գաղափարն անգամ լկտիություն է: Թեև մյուս կողմից Ալենն ինչո՞վ է պակաս Նիկոլ Փաշինյանից: Չէ՞ որ վերջինս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նոր «S» դասի Մերսեդես է գնել: Եվ դա այն դեպքում, երբ 2018-ից հետո նա նույն կարգի ավտոմեքենա արդեն գնել էր:

Ալեն Սիմոնյանը պարզապես հետ չի մնում իր առաջնորդից: Եթե նա հանգիստ հայտարարում է, որ կարող էին զոհեր չտալ ու այդպիսով լուծել Ղարաբաղի հարցը, բայց տվեցին, եթե նա գերիների հարազատների հետ հանդիպումից մեկ օր անց մեկնում է հունական կղզում տժժալու, ապա նրա սիրտը պետբյուջեի հաշվին կարող է նոր BMW ուզել: Հենց սա՛ է այլասերվածությունը, երբ թոշակառուների 3 տոկոսի համար թոշակն ավելացնում ես 2.100 դրամով, իսկ ինքդ մոտ 200 հազար դոլարանոց «պադավատ» ես ձեռք բերում պետբյուջեի հաշվին: «Պադավատապետությունը» քննադատողների դեպքում այս ամենն այլասերվածության գագաթնակետն է: Փաստորեն, 2018-ին մարդիկ դուրս էին եկել փողոց ու պայքարում էին, որպեսզի Ալենը հունական կղզիներում տժժա ու թանկարժեք ավտոմեքենայով ֆռֆռա՞: Ի դեպ, կառավարությունն այսօր մերժել է «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը՝ բարձրացնել թոշակները. սա ևս խորհրդանշական է:

Այս ամենը հուշում է, որ նիկոլենց շատ չի մնացել ու նրանք վռնդվելու են պետական կառավարման համակարգից: Հարցը գնի ու մեթոդի մեջ է: Հայաստանի ու Արցախի շահերից է բխում, որ սրանց վռնդվելու գործընթացը լինի հնարավորինս շուտ և առանց ցնցումների: Գալիս է հեղափոխության արժեքները հեղափոխականներից փրկելու ժամանակը:

Աղբյուրը՝  7or.am