կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-28 11:27
Հասարակություն

Այլասերված ոստիկանի պաշտոնավարումն անթույլատրելի է

Այլասերված ոստիկանի պաշտոնավարումն անթույլատրելի է

Ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը:

 

«Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի եւ մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը եւ համբուրում էր նրա պարանոցը:  Նման երեւույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետեւանքներով: Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն եւ անկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո եւ հանցավոր արարքի համար:  Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որեւէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի:

 

Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած եւ սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների եւ իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ՝ մեղադրանքին:

 

Այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները: Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր- հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:

 

Աշխատանքի վայրում, փողոցում կամ որեւէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց  ուղեկցելով իրավական ողջ գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Լուսանկարը՝ ombuds.am-ի