Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ, hայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է․ սա դեռ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն է, բայց մարտական գործողություններին անմիջականորեն հարակից համայնքի՝ Անգեղակոթի գյուղապետն ասում է՝ թուրքերն առաջ չեն եկել, այլ հակառակը։
«Ես չեմ կարող ասել, առաջ եկել են, չեն եկել, որովհետև պաշտոնական որևիցե բան հլա չկա էլի, հակառակը, ես գիտեմ, որ մերոնք հետ են տվել թուրքերին»,-Yerkir.am-ին ասաց Անգեղակոթի գյուղապետ Արմենակ Մարկոսյանը։
Թեպետ ընդունեց, որ կրակոցի ձայները երեկ մինչև իրիկուն լսվել են իրենց տներում, բայց նրա համար անհասկանալի էր՝ գյուղի տղամարդիկ ինչի՞ համար պիտի մոբիլիզացվեին և նրանց ինչո՞ւ պետք է զենք բաժանվեր, որ թշնամու մոտենալու դեպքում իրենց ընտանիքները պաշտպանեին։
«Մենք անպաշտպան չենք, դեռ անցած տարվանից շչակներ են տեղադրված, լրիվ պայմանավորված է՝ պադվալներում ով որտեղ է հավաքվում պատսպարվելու համար, բայց, կարծում եմ, դրա կարիքը չի լինի։ Բնակիչներին ինչի՞ համար պիտի մոբիլիզացնեինք, ի՞նչ զարգացում պիտի լիներ, բանակն իր առջև դրված խնդիրը նորմալ լուծում է, ոչ մի խնդիր չեմ տեսնում, պրոբլեմ ընդհանրապես չենք ունեցել»,-ասաց Արմենակ Մարկոսյանը։
Քանի որ զինելու պաշտոնական հրահանգ չկա, նա կարծում է, որ զինելու անհրաժեշտություն էլ չկա։
Ընդհանրապես խուճապ չի եղել երեկ, ասաց նա, գյուղն իր առօրյա կյանքով ապրել է, դպրոց-մանկապարտեզները աշխատել են։
«Հրադադարը, ինձ թվում է, կայուն է, որովհետև թուրքերը կարծում էին, որ կարող են առանց արգելքի առաջ գալ, բայց երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ թուրքերը չեն կարա առաջ գալ»,-ասաց Արմենակ Մարկոսյանը, թեպետ ադրբեջանցիներն զգալի առաջ են եկել նաև ըստ պաշտոնական տեղեկատվության։
Սահմանամերձ գյուղի գյուղապետը, չնայած այս ամենին, հստակ գիտակցում է, թե ինչու էր թուրքը հարձակվել։
«Թուրքը մնում է թուրք էլի, մինչև լուրջ դիմադրություն ցույց չտաս, անընդհատ ձգտելու է առաջ գալ»,-ասաց Արմենակ Մարկոսյանը։
Սյունիքի Անգեղակոթն այն գյուղն է, որով, ինչպես նախանական վարկած կա, անցնելու է դեպի Նախիջևան ադրբեջանական միջանցքը։
Գյուղապետն ասաց, որ իրենց գյուղը ոչ մի բանի կարիք չունի, ամեն ինչ նորմալ է։
Աննա Բալյան