կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-18 17:48
Առանց Կատեգորիա

Անգեղակոթի վերջին հայրենադարձը

84-ամյա Սուրեն Առաքելյանը տեսախցիկի առջև խոսելուց առաջ շտապում է փոխել տնային հագուսները: Չի ուզում տեսքից երևա, թե մենակ է ապրում, տեր կանգնող չունի: Սուրեն Առաքելյանը 20 տարեկանում Անգեղակոթից տեղափոխվեց Բաքու: Ասում է՝ դժվար տարիներ էին, գյուղում ապրելը հեշտ չէր, իսկ Բաքուն մեծ քաղաք էր, հնարավորություները՝ շատ: «32 տարի ֆաբրիկում եմ գործ արել, երկու տարի պովրի գործ եմ արել, հետո 5 տարի ուրիշ հիմնարկ եմ աշխատել »,-պատմում է նա ու հիշում, թե ինչպես Բաքվում ապրելու տարիներին կորցրեց կնոջը:Հետո փորձեց կյանքը նորից սկսել, կրկին ամուսնացավ՝ էլի հայի հետ, բայց…

«Ամուսնացա՝ երեխաները չթողեցին, խռիկ տվեցին , դուրս քցան իմ կնգան ասեցին չենք ուզում, հիմա էլ տեր չեն կանգնում, իրանք վարձով էսկողմ-էնկողմ ապրում են, բայց ինձ էլ չեն ընդունում»: 40 տարի Բաքվում ապրելուց հետո Առաքելյանը ստիպված էր վերադառնալ հայրենի գյուղ: «Ուժը ընդեղ չէինք կարա ապրել, չէին թողնում, պետք ա ազգանունս փոխեի, բայց ես չէի ուզում: Ասում էին դու մեր մարդն ես, 40 տարի ստեղ ապրել ես, ու՞ր ես գնում»,-պատմում է ծերունին:

Անգեղակոթ վերադառնալուց հետո Սուրենը գործի անցավ տրիկոտաժի գործարանում՝ թույլ չտալով իրեն «հայրենադարձի» պիտակ կպցնեն ու թարս աչքով նայեն: Սուրենը Բաքվից Անգեղակոթ վերադարձած վերջին հայն էր: Այսօր էլ միայնակ ծերունին ջանում է անել ամեն ինչ, որ տունը շեն մնա: Այգին է մշակում, վար ու ցանք անում:

Զավակների կողմից լքված ծերունին հաճախ է տանը մենախոսում, երբեմն էլ կատվի հետ է զրուցում ՝ ինքն իրեն խաբելով, թե ասածներին լսող կա: Մենակությունը ծերունուն ստիպում է մտորել Բաքվում ապրած տարիների մասին: «Երազումս էլ եմ տեսոնւմ, բա 40 տարի ապրել եմ էդ մարդկանց հետ, լավ-լավ մարդիկ են եղել , փիս մարդ չեմ տեսել, երազում տեսնում եմ, որ իրանց հետ խոսում եմ, իրանց հետ ճաշարանը նստած հաց ենք ուտում… »,-հիշում է նա: Կյանքի կեսը հարևանների հետ ապրած ծերունին ապագային արդեն ուրիշ աչքով է նայում

Խաղաղության մասին խոսելիս վաղուց ինքն իրեն չի խաբում: Ժամակն ու տարիներն այլևս հավատ չեն թողել: «Եթե նորից խաղաղվի…, нет это не будет , չի’ խաղաղվի, աշխարքս ուժը քանդվել ա…»:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ