Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանի Հայոց ձոր (Գյուրփընար) և Շատախ (Չաթաք) գավառների միջև գտնվող մի տեղանքում կառուցված Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) հայկական վանական համալիրը, որ երկար ժամանակ ախոռ ու գոմ է ծառայել անասունների համար, հիմա էլ ավերվում է գանձագողերի կողմից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Վան էսքպրես» թուրքալեզու լրատվակայքում հրապարակված լուրը։
Աղբյուրի համաձայն՝ ժամանակին 365 սենյակից բաղկացած այս վանական համալիրը կանգնած է լիովին անհետանալու վտանգի առաջ։ Այն ժամանակաշրջանում պատմական Մետաքսի ճանապարհի վրա հիմնված հայկական վանքը դադարել է գործել Հայոց ցեղասպանությունից հետո։ Տարիներ շարունակ դատարկ մնացած վանական համալիրը, որի մի հատվածը քանդվել է, հետագայում որպես ախոռ ու գոմ է օգտագործվել տեղի գյուղացիների կողմից։
Ինչպես նշում է թուրքական աղբյուրը, չնայած այդ բոլոր ավերումներին՝ ներկայում վանական համալիրի շուրջ 20 սենյակներ դեռ կանգուն են, որոնք, սակայն, շարունակում են մնալ գանձագողերի թիրախում։
Serhat News-ը հաղորդում է, որ տվյալ շրջանի ամենամեծ վանական համալիրներից մեկը եղող Տեր Մարիամ վանքում կատարված ավիրումները տեղում տեսնելու համար այնտեղ են այցելել Վանի ÇEVDER կազմակերպության ղեկավարները։ ÇEVDER-ը միություն է Թուրքիայում, որ զբաղվում է պատմական հուշարձանների պահպանմամբ, ուսումնասիրմամբ ու զարգացմամբ։
Վանական համալիրի ներկայիս վիճակն ուսումնասիրելուց հետո թուրքական լրատվամիջոցներին մեկնաբանություններ տված Ալի Քալչըքը շեշտել է, որ այս դեպքը կարելի է որակել որպես մշակութային կոտորած։ Նա նաև ընդգծել է, որ այս տարածքներում բոլոր սրբավայրերն ավիրվում են՝ գանձ գտնելու պատրվակի տակ, և հավելել․ «Բոլորը գիտեն, որ այս վայրերը նախկինում որպես սրբավայր օգտագործված կենտրոններ են։ Բոլորը քաջապես տեղյակ են, որ այս կենտրոններում ոչ մի գանձ չկա։ Սակայն ձևավորված կարծիքի պատճառով այս վայրերն անընդհատ ավիրման են ենթարկվել։ Դա որոշ առումով կապված է նաև պետության ձևավորած կարծիքի հետ։ Սանդուղք են բերել և կառույցի բոլոր քարերը տեղահան արել։ Սա ուղղակի վայրենություն է։ Ո՞ր կրոնն է նման բան հանդուրժում։ Այս վայրը սրբատեղի է, սակայն մի կողմից օգտագործվում է որպես գոմ, մյուս կողմից փոսեր են փորում այստեղ»։
Քալչըքը նաև հավելելով, որ Թուրքիայում նմանատիպ տասնյակ պատմական հուշարձաններ են վերացվել, նշել է․ «Չեմ հասկանում, թե ինչու՞ են մուսուլմանական երկրները, հավատացյալները, պետություններն ու քաղաքացիական հասարակական կազմակերպությունները լուռ մնում այս կոտորածի առաջ։ Հարկ է, որ նրանք նույնպես արդեն «Վե՛րջ» ասեն այս բարբարոսությանը։ Սա համաշխարհային ժառանգություն է։ Այլևս պետք է խախտվի այս լռությունը»։
Սրբավայրի այցելուներից Ֆազըլ Օզթեքինը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնելով, որ վերջին 20 տարիներին ինքը ժամանակ առ ժամանակ այցելել է այս վանքը, նշել է, որ 20 տարի առաջ գրեթե լիովին կանգուն եղած վանքը ժամանակի ընթացքում վերացել է․ «Երբ առաջին անգամ այցելեցի այստեղ, վանքը լրիվ կանգուն էր։ Զանգակատնից մինչև որմնանկարներ՝ ամեն ինչ պահպանված էր։ Գրեթե բոլոր 300 սենյակներում էլ կարողանում էինք շրջել։ Այն ժամանակաշրջանում ապրած մարդկանց թողած նշանները ևս պահպանված էին։ Սակայն, դժբախտաբար, ներկա պահին ոչ մի բան չի մնացել։ Այստեղ ամենավերջում հայեր էին մնում։ Հայերից հետո այն դատարկ է մնացել»։
Թուրքական աղբյուրը հրապարակման վերջում նշում է, որ ավանդության համաձայն՝ այս մենաստանում են ապրել Սուրբ Հռիփսիմեն և Հռիփսիմյանց կույսերը։
Հիշեցնենք, որ դարձյալ ըստ ավանդության՝ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևյաց գավառում կառուցված հայկական հայտնի Հոգյաց վանքի գլխավոր եկեղեցի Սուրբ Աստվածածինը հիմնադրել է Բարդուղումեոս առաքյալը։ Հետագայում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է Հոգյաց վանքի Սիոն եկեղեցին։ Վանքի գլխավոր խորանի տակ է թաղված Աստվածամոր սրբապատկերը, որ փորագրել էին Անդրեաս եւ Հովհաննես առաքյալները։
https://www.vanekspres.com.tr/gundem/vanda-dr-meryem-manastiri-tahrip-edildi-h20658.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net