կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 19:16
Հասարակություն

Մեծ աղմուկ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուի և Գայ գյուղի բնակչի միջև

Մեծ աղմուկ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուի և Գայ գյուղի բնակչի միջև

Գայ գյուղի բնակիչ Հայկանուշ Ենոքյանն այսօր 168.amի հետ զրույցում հայտնեց, որ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2017 թվականից իրեն պարտք է և մինչև օրս չի վերադարձրել: Ղազարյանը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին Արաքս խոշորացվող համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

«Ես մի 2 օր առաջ իմացա, որ Ղազար Ղազարյանը Արաքս խոշորացված համայնքում ՔՊ-ի կողմից առաջադրել է իր թեկնածությունը, ու իմ հետ կապված խնդիրն ուզում եմ ներկայացնել, որ ինքը չընտրվի, որովհետև ինքն արժանի չի, որ ընտրվի 13-14 գյուղի գյուղապետ։ 2017 թվականին իր տղան եկավ, իմ մոտից անկանխիկ 560.000 դրամի պոմիդորի սերմ տարավ, ու մինչ օրս գումարը չեն տվել։ Մի քանի անգամ ես գնացել եմ Ղազարյանի օֆիս, հարցրել եմ՝ այդ գումարը ե՞րբ ես վերադարձնելու, ինքն ասաց՝ կվերադարձնեմ, բայց այդ ասելուց անցել է 2 տարի, մինչև այսօր ես այդ գումարը չեմ ստացել։ Ես մեր բոլոր միավորվող 14 գյուղերի գյուղապետերին այսօր զանգել եմ, տեղեկացրել եմ, որ Ղազար Ղազարյանն այդ ձևի մարդ է, իրավունք չունի ընտրվի համայնքապետ։ Խնդիրն այն չի, որ ես ուզում եմ ինչ-որ մեկն ընտրվի, ես ընդհանրապես ոչ մի թեկնածու չունեմ, որ մտածեն՝ այնպես եմ անում, որ իմ թեկնածուին առաջ տանեմ, ինձ չի հետաքրքրում, թե ով է ընտրվում, բայց ինքը պետք է չընտրվի․․․»։

Տիկնոջ խոսքով՝ գումարը չեն վերադարձնում՝ պատճառաբանելով սերմի վատ որակը, իբր ինքը վատ սերմ է վաճառել, դրա համար էլ գումարը չեն վճարել, սակայն, ինչպես ինքն է շեշտում, բերք չստանալու պատճառը մշակաբույսի ոչ ճիշտ մշակումն է եղել․

«Մենք բանջարեղենի սերմերի վաճառքով ենք զբաղվում, իրա տղան քաղաքում է ապրում, պաշտոնյա է, պարզ է, որ իրենք չէին կարող մշակել, որովհետև գյուղացիները սկի գլուխ չեն հանում գյուղատնտեսությունից, քաղաքի տղան ո՞նց պետք է գար, մշակեր, ահագին սխալներ էին թույլ տվել, վառած յուղը վառել էին, ծխագազերը լցվել էր թաղարանոցի մեջ, թաղարները թունավորվել էին, պոմիդորի առաջին 3 ողկույզի ճակատագիրը թաղարանոցում է որոշվում․․․ Իրենք ընդհանրապես բերք չստացան, ես էլ մտածեցի՝ նույն տարածքի մարդ ենք, մարդիկ տուժվել են, ընդառաջեցի, չստիպեցի, որ այդ գումարն իրենք արագ վերադարձնեն, ասացի՝ հարմարեցրեք, փողը վերադարձրեք։ Մի անգամ, որ գնացի Ղազարյանի օֆիսը, ասաց՝ դու որ ծախում էիր սերմերը, ինչի՞ չես ասել, ո՞նց անեն, ասացի՝ էս հավերը, որ դու քո խանութում ծախում ես, ամեն հավ առնողին ասո՞ւմ ես՝ կտանես, կդնես գազի վրա, շուռ կտաս, էսքան ջերմաստիճան կպահես, աղ կգցես, ասի, եթե ինչ-որ մեկը հարցնի, կասես, չէ՞, նույնն էլ՝ ես, որ մարդիկ չեն հետաքրքրվել, ինչ ասեմ․․․ Ասաց՝ մենք բերք չենք ստացել, դրա համար այդ փողը չեմ վերադարձնի, ես էլ ասացի՝ այ հիմա քեզ խայտառակ եմ անելու, քո փողն ինձ պետք չի, բայց որտեղ նստեմ, կանգնեմ, պետք է ասեմ, որ դուք այս ձևի մարդ եք, որ մարդկանց փողերը կարող եք չտաք․․․»։

Քաղաքացին նաև հայտնեց, որ մեզ հետ խոսելուց հետո, իրենց տուն է գնացել Ղազար Ղազարյանի քրոջ որդին, ասել, որ այդ պարտքն իրենն է, և պատրաստ է 2 ամսվա ընթացքում վճարել, միայն թե չբողոքի։

«Այդ տղան ասում է՝ մի հատ թուղթ բեր, գրեմ, որ դա իմ պարտքն է, ոչ թե Ղազարի պարտքն է, ես ստորագրեմ, այդ փողը կբերեմ կտամ․․․»։

Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ղազար Ղազարյանը, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արձակուրդում է գտնվում, պնդեց, որ այդ սերմը գնել է ոչ թե իր որդին, այլ իր քրոջ որդին։

«Դա անորակ սերմ է եղել, այդ կինը եկել է ինձ մոտ, ասել եմ՝ կասեմ, կտան, բայց հիմա ասում է՝ դու ինձ խոստացել ես, որ դու կտաս այդ փողը․․․ Դե հիմա երկրորդ կողմին էլ լսեք, հա՞, այդ մարդն ամբողջ տարին 20.000 դոլար փող պետք է ստանար այդ ջերմոցից, չի ստացել, այդ կինն էլ գնացել տեսել է, որ ոչ մի հատիկ պոմիդոր չի բռնել, ամբողջը փչացած է եղել, այդ ժամանակ ասել է՝ խնդիր չկա, ոչ մի բան պետք չի, հիմա անցել է 3 տարի, հիշել է, որ ես համայնքի ղեկավարի թեկնածու եմ, նման բան է անում, թող տա դատարան, տեսնենք՝ ո՞վ է այդ գումարը վճարելու, ես ընդհանրապես ոչ իրեն ճանաչել եմ, ոչ էլ գիտեմ, թե դա ինչի սերմ է եղել, ուղղակի ես ասել եմ՝ կասեմ, կտան, եթե այդ մարդիկ պետք է տան․․․»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաքս խոշորացվող համայնքի թեկնածուն։

Ինչ վերաբերում է խոշորացվող համայնքում ընդգրկված բոլոր գյուղերի ղեկավարներին զանգահարելու և բողոքելու քաղաքացու քայլին, Ղազարյանն այսպես արձագանքեց․

«Սաղ գյուղապետերն էլ ինձ ճանաչում են, սաղ գյուղապետերն էլ գիտեն իմ պարտաճանաչությունն էլ, իմ մարդ տեսակն էլ, ում ուզում է՝ թող զանգի․․․»։

Ղազար Ղազարյանն ընդգծեց՝ այս ամենը միտումնավոր է արվում, և քաղաքական ենթատեքստ կա․․․

Հ.Գ․ Նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց քաղաքացին կապ հաստատեց մեզ հետ, խնդրեց, որպեսզի չհրապարակենք իր բողոքը, քանի որ մեր զրույցից անմիջապես հետո ամբողջ գումարը վերադարձրել են իրեն։ Կարելի է ենթադրել, որ թեմայի շուրջ Ջրարբի համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ մեր զրույցներն  ու այս պատմությանն անդրադարձն էլ է նշանակություն ունեցել խնդրի լուծման հարցում:

Աղբյուրը՝  168.am