կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:29
Քաղաքական

Բարեփոխումները, որ արել եմ իմ համայնքի համար, իրագործելու եմ նաեւ Մեծամորում․ ավագանու դաշնակցական թեկնածու

Բարեփոխումները, որ արել եմ իմ համայնքի համար, իրագործելու եմ նաեւ Մեծամորում․ ավագանու դաշնակցական թեկնածու

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի հասանելիության, մատչելի թունաքիմիկատների,  պարարտանյութի, գյուղմթերքի իրացման եւ մթերման խնդիր կա: Խնդիրներն արձանագրում է ՀՅԴ Արմավիրի «Արամ Մանուկյան» Մարզային կոմիտեի նախագահ  Արամայիս Մխիթարյանը: Նա 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Մեծամոր  խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է ՀՅԴ համամասնական ցուցակը։

Մխիթարյանը խոշորացման տակ ընկած Այգեշատ համայնքի ղեկավարն էր 2002թ.-ից: Լավատեղյակ լինելով գյուղական բնակավայրերի խնդիրներին՝ վստահեցնում է՝ խնդիրների լուծման հստակ ծրագրեր կան, համայնքների կողքին է կանգնելու, խոշորացման տակ անցած ոչ մի համայնք ստվերում չի մնալու:

Մխիթարյանը Դաշնակցության «հնաբնակներից» է՝ 31 տարի քաղաքական ուժի ներկայացուցիչ է: Ասում է՝ ընտրություններին մասնակցում է, որպեսզի անցած ճանապարհով, ունեցած հնարավորություններով աջակցի խոշորացված համայնքի կառավարմանը: ՀՅԴ ցուցակի՝ ավագանու 24 թեկնածուները տարբեր համայնքներից են, ամեն մեկը՝ մի ոլորտի մասնագետ: Բոլորը կարող ուժերով, թիմային աշխատանքով փորձելու են ի նպաստ համայնքի անել առավելագույնը:

Լինելով Այգեշատի համայնքապետ՝ Մխիթարյանն իր կառավարման տարիներին վերանորոգել է գյուղի միջնակարգ դպրոցը, մշակույթի պալատը, կառուցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի զոհերի հուշակոթող: Համայնքային բյուջեի եւ բարերարների միջոցներով վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը, ուր հաճախում են նաեւ հարեւան համայնքների երեխաները: Ամբողջությամբ փոխվել է գյուղի խմելու ջրի ներքին ցանցը:

«Դժվար կգտնեք այնպիսի գյուղական համայնք, որ ինքը սպասարկի խմելու ջրի ջրամատակարարումը: Գյուղում չկա մի փողոց, որ գիշերային լուսավորություն չունենա: Տեսնելով այս աշխատանքը՝ Այգեշատի, հարեւան գյուղերի բնակիչները կհասկանան՝ ում ընտրեն: Այն, ինչ արել եմ իմ համայնքի համար, բնականաբար, անելու եմ նաեւ բոլոր համայնքների համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ թեկնածուն:

Համայնքների հավասարաչափ զարգացման տեսանկյունից՝ Մխիթարյանն ի սկզբանե դեմ է եղել խոշորացման ծրագրին: Պատճառներն է բերում. «Ստվերում կմնան այն համայնքները, որոնք քիչ ներգրավվածություն կունենան վարչական կազմում, հետեւաբար՝ նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող չի լինի: Այս խնդիրներն իմ աչքի առաջ ունենալով՝ պայքարելու եմ, որ բոլոր համայնքներում լինի հավասար մոտեցում: Ես սկզբունքորեն դեմ եմ եղել խոշորացմանը, հատկապես՝ նրան, որ փնջերում խոշոր համայնքներ են ներգրավված: Լսումների, քննարկումների ժամանակ, բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորելով, դեմ եմ արտահայտվել: Սակայն իշխող քաղաքական ուժը, բնականաբար, իր ծրագրերն իրականացնելու համար խոշորացրեց, ու նշանակեցին ՏԻՄ ընտրություններ»։

Հ.Գ. Արամայիս Մխիթարյանի՝ հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունն ու նվիրումը դրսեւորվել է նաեւ մարտադաշտում: 1990-ականներին դաշնակցական զինակիցների, արմավիրցի իր ընկերների հետ մասնակցել է Շահումյանի մարտական գործողություններին։ 2020թ. 44-օրյա պատերազմին, կրկին զենքը ձեռքին, ընկերների հետ եղել է մարտադաշտում։

                                                                                                          Լիանա Սարգսյան