Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 23-ին հանդիպել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ծրագիրը ամփոփ է և առարկայական: Մեր թիմը հետազոտել է այն բարեփոխումները, որոնք վերջին 20-30 տարում կատարվել են մի շարք երկրներում, որտեղ կյանքը որակական առումով շատ արագ փոխվել է: Բարեփոխումը միշտ չէ բոլորի կողմից դրական ընդունվում, քանի որ այն ենթադրում է ,որ որոշ գործող անձիք կա´մ իրենց տեղը պետք է զիջեն, կա´մ պետք է փոխվեն: Գնալու ենք այդ ճանապարհով: Ունենք հավակնոտ ծրագիր, որը վիրտուալ և պոպուլիստական չէ: Այն իրագործելու համար ունենք կամք և շատ համարձակ դա անելու ենք»,- հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:
Շենգավիթցիների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը, բարեփոխումների նպատակը և ակնկալվող արդյունքները: «Այս հանդիպումների ժամանակ շատ մեծ տեղեկություն ենք ստանում, հասկանում ենք առկա խնդիրների մասշտաբն ու նաև ոգևորվում ենք զարգացման տանող նախաձեռնություններից: Մենք բոլոր ոլորտներում պետք է բարեփոխումներ անենք, որոնք արդեն սկսել ենք և ձեր վստահության քվեն ստանալու դեպքում շարունակելու ենք ավելի լայն թափով: Ես խնդրել եմ իմ գործընկերներին՝ մեր քաղաքացիներին հաշվետվություն տալ, կոնկրետ արդյունքներ և´ թվային տվյալներ ներկայացնել, և´ 6 ամսում կատարված ռեֆորմների, և´ հետագա անելիքների մասին», - ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահին ուղղված հարցերը վերաբերում էին աշխատատեղերի ստեղծմանը, գործարար միջավայրի խթանմանը, կրթական ու մշակութային ոլորտին, երիտասարդական քաղաքականությանը, նախկին արտադրական ձեռնարկությունների վերագործարկմանը և այլն: «Որպեսզի բարձրացված խնդիրները լուծենք, մենք ուղղակի պետք է հավելյալ արժեք ու աշխատատեղ ստեղծենք, հարստանանք: Ինչպե՞ս անել՝ մենք ըստ յուրաքանչյուր ոլորտի դա գիտենք: Երբ մեր հնարավորությունը շատանա, այդ գումարը տալու ենք մեր քաղաքացուն, քանի որ այդ գումարը վերադառնալու է տնտեսություն. սպառողական շուկան աճում է, ինչը բերում է առևտրային ակտիվությանը և բիզնեսի զարգացմանը», - պատասխանելով հարցերին՝ նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ առաջին փոխնախագահը հորդորել է Շենգավիթի բնակիչներին՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Բոլորս պետք է մասնակից լինենք մեր վաղվա օրվա ձևավորմանը: Կարծում եմ՝ մեր ծրագիրն իրատեսական է, տրամաբանական և հեռանկարային: Մենք չենք ցանկանում արհեստականորեն դուր գալ: Հստակ ձևակերպել ենք մեր բանաձևը՝ ի՞նչ կարող ենք անել և ինչպե՞ս ենք շարժվելու առաջ: Առաջարկում եմ ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մեր ռեյտինգային թեկնածուներին և մենք ձեզ դրա դիմաց պատասխան կտանք», - կոչ է արել Կարեն Կարապետյանը:
Իր ելույթում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. «Մենք եկել ենք ոչ թե խոստումներով, այլ հստակ կատարած աշխատանքով, մեր ներկայացրած ծրագիրը տանում է դեպի բարեփոխումներ, անվտանգություն և առաջընթաց: Շենգավիթցիները միշտ եղել են ՀՀԿ-ի կողքին, քանի որ Հանրապետականն այն ուժն է եղել, որ չի խուսափել պատասխանատվությունից: Մեր ռեյտինգային թեկնածուները մեծ հարգանք են վայելում, ունեն անցած ճանապարհ և փորձ: Կոչ եմ անում ձեզ ակտիվ մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ձեր ձայնը տալ Հանրապետական կուսակցությանը»:
ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարում ներկայացված, Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը նշել է. «Մենք անցել ենք պատերազմ, անցել ենք ճգնաժամ, որից պատվով դուրս ենք եկել: Այսօր բավական մեծ հաջողություններ և միաժամանակ բավական շատ անելիքներ ունենք, քանի որ ուզում ենք ապրել զարգացող և անվտանգ երկրում: Չենք կարող հասնել մեր երազածին, եթե չունենանք զարգացող տնտեսություն: Ընդամենը 6 ամիս, և մենք տեսնում ենք արդյունքները: Հանրապետական կուսակցությունը կարողացավ խիզախություն ու քաղաքական կամք դրսևորել՝ գնահատելով իր անցած ճանապարհը, խոստովանելով չկատարվածը, թերությունները և գտավ մարդու, ով կարող է փոխել, ով եկել է այստեղ ոչ թե պաշտոնի համար, այլ երկիրը զարգացնելու և առաջ տանելու նպատակի համար: Կոչ եմ անում ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:
Իր ելույթում ՀՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարում ներկայացված, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է հետևյալը. «Նախընտրական քարոզարշավին շատ կուսակցություններ գալիս են խոստումներ տալու, մենք եկել ենք ոչ միայն ներկայացնելու ապագայի ծրագրերը, այլ նաև հաշվետվություն տալու վերջին մի քանի ամսվա կատարած աշխատանքի համար: Աշխատանք, որը մեզ պարզ ճակատով հնարավորություն է տալիս նայել ձեր աչքերի մեջ և ասել՝ արել ենք ավելին, քան խոստացել ենք: Այսօր մենք ունենք 25-ամյա ազատ և անկախ հայրենիք՝ իր բոլոր պրոբլեմներով, դժվարություններով, խրթին ու չլուծվող հարցերով, բայց այսօր ունենք մեր կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին, ով եկել է հստակ իրատեսական ծրագրերով և չգնալ այդ ծրագրերի հետևից, մեր նորանկախ հայրենիքը զարգացնելու ճանապարհով, առնվազն միամտություն է»: