կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-25 14:38
Հասարակություն

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի 548 և ավագանու անդամի 2 825 թեկնածու

Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին գրանցվել է համայնքի ղեկավարի 548 և ավագանու անդամի 2 825 թեկնածու

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:

2016 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով: Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են:

Օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու ժամկետը: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը:

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում:

ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: