կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 17:00
Հասարակություն

Գնաճի պայմաններում սոցիալական վիճակը դառնալու է խոցելի. Վարդան Բոստանջյան

Գնաճի պայմաններում սոցիալական վիճակը դառնալու է խոցելի. Վարդան Բոստանջյան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ջրի մեծածախ սակագնի թանկացման մասին, նշեց, որ, ըստ էության, շուկայական տնտեսությունում մարնածախ ու մեծածախ կատեգորիաներ չեն լինում, և սպառողները, բնականաբար, տուժելու են այդ թանկացումից:

 

Նա նշում է, որ ՀԾԿՀ-ի  գործառույթը նաև այդ համակարգերի  անվտանգության ապահովումն է, այսինքն` եթե դիմում են ՀԾԿՀ-ին` համակարգերի անվտանգության պահպանման նպատակով էլեկտրաէներգիայի կամ ջրի թանկացման համար, ապա ՀԾԿՀ-ին այլ բան չի մնում, քան հայտարարել թանկացման մասին:

 

Ըստ Բոստանջյանի` թե' էներգահամակարգը, թե' ջրի համակարգը ունեն խութեր` կառավարման, շահույթների բաշխման առումով, և այդ համակարգերի նկատմամբ համապատասխան մարմինները չեն իրականացրել վերահսկողական գործառույթներ, ու հարցը հասել է «դիվանբաշուն»:


«Եթե թանկանում են ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, ապա ուղղակի, թե անուղղակի թանկանալու են բոլոր տեսակի ապրանքները, մատուցվող ծառայությունները»,- ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` սոցիալական վիճակը, բնականաբար, գնաճի  պայմաններում դառնալու է խոցելի:


«Ամբողջ խնդիրն այն է, որ կա վստահության դեֆիցիտ, մարդիկ դադարում են հավատալ իշխանության պատճառաբանություններին: Դա այն բանի արդյունքն է, որ Հայաստանում միշտ էլ բացակայել է հետևողական, թափանցիկ  տեղեկատվության տրամադրումը քաղաքացիներին: Եթե քաղաքացին տիրապետի ճիշտ և հավաստի  ինֆորմացիայի, ապա նա պատրաստ կլինի ընկալել ստեղծված դժվար իրավիճակը: Իսկ այսօր, ցավոք, կա վստահության բացակայություն: Որոշումները կայացվում են հանկարծակի, ինչին քաղաքացիները սուր են արձագանքում»,- ասաց նա: