կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 14:01
Տարածաշրջան

Վրաստանի կրթության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանալեզու դպրոցների փակման պատճառներին

Վրաստանի կրթության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանալեզու դպրոցների փակման պատճառներին

Վրաստանում ադրբեջանալեզու դպրոցների նվազման մի քանի պատճառներ կան՝ երկրից հեռանալը կամ, օրինակ, գյուղից քաղաք տեղափոխվելը, բացի դրանից՝ ադրբեջանական ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկում են վրացալեզու դպրոցներ. Report-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ, էթնիկ փոքրամասնությունների լեզուների հարցերով փորձագետ Դեսպին Կոյավան։

Նրա խոսքով՝ որոշ ադրբեջանալեզու դպրոցներում երեխաները սովորում են վրացերեն. «Մենք ձգտում ենք, պահպանելով մեր մայրենի լեզուն, մանկապարտեզից երեխաներին պետական լեզուն սովորեցնել, մանկապարտեզում նրանց սպասում է երկլեզու կրթություն, և դա նրանց ավելին կտա ապագայում հասարակությանը ինտեգրվելու հնարավորությունների հարցում։ Ինչ վերաբերում է 1+4 ծրագրին, կարծում եմ, որ այն հաջողված է։ Ժամանակին այս ծրագիրը ստեղծվել է վրացերենի յուրացման անցումային շրջանի համար։ Այն կմնա մինչև բոլոր դասարաններում երկլեզու կրթության ամբողջական ներդրումը: 12-րդ դասարան ավարտածները ստիպված չեն լինի համալսարանում լրացուցիչ վրացերեն սովորել, քանի որ նրանք արդեն լիովին տիրապետելու են պետական լեզվին»,- ասել է Կոյավան։

Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանում փակվել է ադրբեջաներեն լեզվով ուսուցմամբ 4 դպրոց։ 2021-2022 ուսումնական տարում ադրբեջանալեզու ուսումնական հաստատությունների և ադրբեջանական մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությունների թիվը 116 է։

Հիշեցնենք, որ Վրաստանում «1 + 4» ծրագրի իրականացումը սկսվել է 2010թ.: Ծրագրի համաձայն՝ դիմորդները թեստային քննություն են հանձնում ադրբեջաներեն, հայերեն և օսերեն լեզուների իմացության վերաբերյալ։ Համալսարան ընդունվող ուսանողները մեկ տարի սովորում են վրացերեն, որից հետո հնարավորություն ունենում ստանալու բակալավրի կոչում՝ ցանկալի մասնագիտությամբ։