կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 16:14
Տնտեսական

Սոցիալական բունտ հասունանալու շատ պատճառներին կարող է գումարվել նաև գազի բարձր գինը․ Ավետիսյան

Այո, նման բացասական փորձ կա, որ մեր  շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց  հեղուկ գազի էական թանկացում։ Սա ունի մի քանի գործոններ․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին։

«Առաջին՝ ցավոք, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա  որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի։ Երկրորդ՝  փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել:  Այն, որ ներկրող ընկերությունների անուններ են փոխվում,  չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր  շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում են գնի վրա»,- պարզաբանեց նա։

Պատգամավորը նշեց նաև երրորդ գործոնը՝ բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունը, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում:

«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝  ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար՝ սեղմված գազի վաճառքի կետերի համար,  հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա  բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն  էլ բերելու է սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։