կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 17:10
Աշխարհ

Ռուսաստանը ևս 25 կործանիչ է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ

Ռուսաստանը ևս 25 կործանիչ է տեղակայել Թուրքիայի սահմանի մոտ

Թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիսում քրդական YPG/PKK  դեմ նոր լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին լուրերի ֆոնին՝ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանը Սիրիա է ուղարկել ևս 20 կործանիչ։

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի հետ սահմանից ընդամենը 4 կմ հեռու գտնվող Ղամիշլի ավիաբազա են ուղարկվել 4 ՄիԳ-29 կործանիչ, 5 Սու-35 կործանիչ և 12 Սու-34 կործանիչ։ Ավելի վաղ բազայում տեղակայվել էին ռուսական չորս նոր Սու-35 կործանիչներ։

Հաղորդվում է նաև, որ Ղամիշլի ավիաբազայում նկատվել է առնվազն երկու Կա-52 հարվածային ուղղաթիռ։ Բոլոր ինքնաթիռներն ուղարկվել են ռուսական բազաներից Իրանի և Իրաքի օդային տարածքով։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը չի մեկնաբանում հավելյալ կործանիչներ Սիրիա ուղարկելը։

Այլ աղբյուրների համաձայն՝ ուժեղացվել է նաեւ Թուրքիային սահմանակից Այն Իսա գյուղում գտնվող ռուսական բազան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսները լքել են բազան սիրիական ընդդիմության՝ Սիրիայի ազգային բանակի զինյալների հարվածներից հետո։ Սակայն, դատելով նոր պատկերներից, ռուսների ներկայությունը բազայում մնում է, և լրացուցիչ աշխատանքներ են տարվում այն ամրապնդելու ուղղությամբ։

Ռուսական ավիացիան նաև բազմիցս ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող՝ Սիրիայի ազգային բանակ կոչվող թուրքամետ զինյալների դիրքերին, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանին։ Այսպես՝ անցած շաբաթ օրը առնվազն 25 ավիահարված է հասցվել։

Հիշեցնենք, որ, ըստ թուրքական աղբյուրների, Սիրիայի հյուսիսում լայնածավալ ռազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի՝ 35 հազար թուրք զինվորականների մասնակցությամբ, ներառյալ՝ Սիրիայի ազգային բանակի: