կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 15:03
Տարածաշրջան

Սահակաշվիլին վրացիներին հորդորել է հետևել Փաշինյանի օրինակին

Սահակաշվիլին վրացիներին հորդորել է  հետևել Փաշինյանի օրինակին

Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սուր քննադատության է ենթարկել հանրապետությունում տեղի ունեցած վերջին ընտրությունները և վրացիներին կոչ արել իշխանությունների դեմ պայքարում հետևել հայերի և ուկրաինացիների օրինակին։

«Ես շատ զայրացած և վիրավորված եմ, բոլոր իրեն հարգող վրացիները պետք է զայրանան և վիրավորվեն։ Բոլոր խոշոր քաղաքներում ընտրությունները գողացան մեր աչքի առաջ, մենք հաղթեցինք այս ընտրություններում, և Վրաստանում իշխանությունը զավթած մի խումբ ավազակներ խլեցին այս հաղթանակը մեր ձեռքից, թալանեցին և զրկեցին մեզ ամենագլխավոր իրավունքից՝ երկրի տերը լինելուց»,- ասվում է Սահակաշվիլիի՝ փաստաբան Նիկա Գվարամիայի կողմից հրապարակված ուղերձում։

«Ի՞նչ անենք: Միայն մեկ բան կա՝ մենք պետք է վճարենք այն գինը, որը վճարում են իրենց հարգող ժողովուրդները՝ կեղծող իշխանությանը վտարելու համար, մենք պետք է խլենք իշխանությունը և ստիպենք նրանց պատասխան տալ օրենքի առաջ։ Այդպես արեց մեր հարեւան Հայաստանը, որտեղ Փաշինյանը կռվել է Իվանիշվիլիից չորս անգամ մեծ օլիգարխի հետ, որի հետևում կանգնած էր Ռուսաստանը, և նրանք նույնպես կեղծել էին ընտրությունները, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց, շատերը դուրս եկան փողոց։

Ընտրակեղծարար ավազակները պետք է հեռանան, և արտահերթ ընտրություններ պետք է հայտարարվեն. Նույնն արեցին ուկրաինացիները Յանուկովիչի հետ, երբ նա ամբողջությամբ անցավ ռուսների կողմը, մինչդեռ Յանուկովիչը բազմապատիկ ավելի հարուստ էր, քան Իվանիշվիլին»,- ասել է Սահակաշվիլին: