կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 16:02
Տարածաշրջան

Այլևս հետդարձ չկա. Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիային կոչ է անում հետևել իրենց օրինակին

Այլևս հետդարձ չկա. Բունդեսթագի թուրք պատգամավորը Թուրքիային կոչ է անում հետևել իրենց օրինակին

Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթի լրագրող Քարին Քարաքաշլըն զրուցել է Գերմանիայում Կանաչների կուսակցության նախագահ, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի հեղինակ՝ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի հետ տարբեր կառույցների, անհատների, այդ թվում՝ նախագահ Էրդողանի կողմից նրա հասցեին հնչեցված ռասիստական հայտարարությունների, սպառնալիքների, նաև՝ բանաձևի ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումների մասին:

-Գերմանիայի հասարակության և քաղաքական գործիչների կողմից ինչպե՞ս են ընդունվում Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Թուրքիայից պետական մակարդակով հնչող կոչերն ու Ձեզ ուղղված վիրավորանքները, սպառնալիքներն ու արձագանքները:

- Մեծերն ասում են` ամեն ինչում բարիք կա: Քաղաքացիությունից զրկելուց սկսած` մինչև արյուն հետազոտելու վերաբերյալ` օրեցօր ավելի անհեթեթ դարձող այս հետամնաց կոչերը և ստեղծագործական առումով սահմաններ չճանաչող վիրավորանքներն ու արձագանքները նպաստեցին, որ Ցեղասպանության վերաբերյալ որոշումն ու այդ հարցում Գերմանիայի պատասխանատվությունը ավելի շատ քննարկվի այստեղի (Գերմանիայի) հասարակության և քաղաքական գործիչների կողմից, նաև՝ ավելի շատ մտորելու հիմքեր տվեցին:

Մինչ օրս Գերմանիայում ծայրահեղ ձախակողմյանների և ազգայնամոլների «պատենտները» կրող հասարակության համար մեկ այլ աշխարհամասից «կրակի կտորի» պես մրցակից ծնվեց: Հեգնանքը մի կողմ՝ մինչ տարիներ շարունակ  մտածում էինք, թե ինչպես պայքարենք Գերմանիայում ծայրահեղ ձախակողմյանների դեմ և «Փեգիդա» կոչվող շարժումից սնվող քաղաքական մթնոլորտը փոխելու համար, լուրջ քննարկումների առարկա դարձավ  Գերմանիայի թուրքերի այն զանգվածի գոյությունը, որը Թուրքիայի ներկայիս իշխանության կողմից տարիներ շարունակ ղեկավարվող իսլամական և ազգայնամոլական աղբյուրներից է սնվում:

Ինչպես գիտեք՝ խորհրդարանում ընդունված որոշումը կայացվեց  բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Հունիսի 2-ի նիստին մասնակցող խորհրդարանականներն ընդունեցին այդ որոշումը, այլ ոչ թե, ինչպես Թուրքիայում է տեղի ունենում, կամ ինչպես հենց իրենք են այդպես պնդում, «վերին ղեկավարության» թելադրանքով կամ «քաղաքական վատ նպատակներով»: Որպես ազատ և ժողովրդավար երկրի՝ օրենքով և խղճով  առաջնորդվող խորհրդարանի ներկայացուցիչներ՝ նրանք իրենց սեփական կամքը դրսևորեցին՝ արհամարհելով այլ երկրի քմահաճույքն ու ճնշումները: Մի կողմ թողնելով քաղաքական անհամաձայնությունները՝ բոլոր կուսակցությունները, խորհրդարանի նախագահ Լամերտի գլխավորությամբ, հղեցին հետևյալ մեսիջը` Գերմանիայի խորհրդարանը հարկ եղած դեպքում, առանց վարանելու, քննարկում է և կշարունակի քննարկել ցանկացած հարց, և դա ցույց տվեց, թե որքան կարևոր է խորհրդարանական քաղաքականությունը, որի կարիքն ունենք հատկապես այս օրերին: Իսկ հանրության դրական արձագանքը դրա ամենակարևոր ապացույցն է:

Սակայն հարգելի Մերկելից ավելի ուժեղ դիրքորոշում և սպառնալիքների ու վիրավորանքների դեմ ավելի հզոր արձագանք կակնկալեի: Մինչ հանրության մեծ մասը մեզ՝ խորհրդարանականներիս, աջակցում, մեր վերաբերմունքի և համարձակության համար մեզ ոգեկոչում էր, Մերկելի՝ «անընդունելի է» հպանցիկ հայտարարությունը սազական չէր խորհրդարանի ցուցաբերած կամքին:

-Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դեմ արձագանքները:

-Որքան էլ ես և մնացածները կանխատեսած լինեինք այս արձագանքները, նոր դեպք է, որ Էրդողանի գլխավորած խմբերը կազմակերպված կերպով մեզ թիրախավորում են: Որպես քաղաքական գործիչ` բացասական արձագանքների արժանանալն ու քննադատվելը մեր գործի բնույթն է: Սակայն հաճելի չէ, երբ սեփական գործելաոճդ և  կյանքդ  փոխելու կարիք է լինում մահվան սպառնալիքների պատճառով:

Եթե մի կողմ թողնենք մահվան սպառնալիքներն ու վիրավորանքները, մենք՝ Գերմանիայի խորհրդարանականներս, ի տարբերություն Թուրքիայի` մեր գործընկերների,  մեր սեփական մտքերն արտահայտելու համար ո’չ ձերբակալվում ենք, ո’չ էլ անձեռնմխելիությունից զրկվում: Ոչ էլ սպանվում ենք փողոցի մեջտեղում, ինչպես  սպանվեցին իմ եղբայր Հրանտն ու նրա նման համարձակ այլ մարդիկ: Իրականում դժվար պայմաններում պայքարողները նրանք են, և պետք է հենց նրանց հարգել:

Սակայն ճիշտ չէ նաև բոլոր դեմ արտահայտվողներին կտրականապես դատել:  Տարիներ շարունակ Թուրքիայում պաշտոնական քաղաքականությունը Ցեղասպանություն տաբու համարեց: Կատարվածի մասին չխոսվեց, չթույլատրվեց խոսել: Ստիպողական հերքումը խոչընդոտեց ոչ միայն հայերի, այլև այդ տարածաշրջանում շատ ազգերի ապրած ցավերի բարձրաձայնմանը:  Դեպքերը չպատմվեցին, չգրվեցին այնպես, ինչպես իրականում եղել են: Ընդհակառակը՝ սխալ մարդկանց  մատնացույց  անելով՝ տրվեցին քաղաքական «հերոսական» դիրքորոշմանը:

Այժմ ես տեղեկության լուրջ պակաս եմ տեսնում այս հարցում : Դժբախտաբար, շատերը բավարարվել են ընդամենը ներկայացվածով և պաշտոնական դիրքորոշմամբ: «Իթթիհադ վե թերաքի»-ի ղեկավարներին հերոսացրած պատմական այդ թեզերը թաքցրեցին, անտեսեցին Կոմիտասին, թուրքերեն լեզվի զարգացման գործում անմոռանալի ներդրում ունեցած Հակոբ Դիլաչարին (Հակոբ Մարթայան), 1915-ի տեղահանությանը դեմ եղած օսմանյան մարզպետերին և նրանց նմաններին: Ներկայիս արձագանքն  էլ այդ անտեսումների հետևանքն է:

Այստեղ քննարկման բուն թեման հետևյալն է: Մինչս օրս մեր երեխաներին չսովորեցրեցին, չկարողացանք սովորեցնել այս ամենը, սակայն խնդիրը «դրա ժամանակն է արդեն» ասելն է: Հարկավոր է այս հարցի համար հող նախապատրաստել:

Ի՞նչ եք կարծում՝ Գերմանիայի կայսրության մեղսունակությունն  ընդունելով՝ այս օրինագիծը Գերմանիայի համար և Թուրքիայի հասարակության շրջանում ի՞նչ փոոխություններ կարող է առաջացնել:

Մինչ այդ շատ խորհրդարաններ նմանատիպ որոշումներ են կայացրել, սակայն Գերմանիայի դաշնային խորհրդարանի այս որոշումը ամբողջովին այլ իմաստ ունի: Մենք՝ որպես դաշնային խորհրդարան, առերեսվում ենք մեր սեփական պատմության հետ՝ ընդունելով, որ Գերմանիայի կայսրության ժամանակ դիվանագետներն ու միսիոներները, ունենալով հայերի համակարգված տեղահանման և սպանության մասին տեղեկություններ, չեն փորձել կանխել մարդկային այդ հանցանքը: Իսկ դրա հետ առերեսվելիս մենք ընդգծում ենք նաև, որ խորհրդարանում ներկայացվելու են Գերմանիայի գաղութներում նամիբիացիների դեմ տեղի ունեցած հանցագործությունները: Մենք դա անելիս կատարվածների համար չենք մեղադրում ո’չ ներկայիս Թուրքիային, ո’չ էլ Գերմանիային: Ավելին՝ մենք պարտականություն ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հարցում հնարավոր ջանքերի գործադրումը:

Մենք սա նկարագրում ենք որպես բարեկամ երկրից բարեկամ երկրին խորհուրդ՝ շեշտելով Հոլոքոստի եզակիությունը, անցյալի հետ առերեսման բարդ, սակայն կարևոր լինելը, ինչի վրա հնարավոր է կենտրոնանալ՝ խաղաղ ապագա ստեղծելու համար: Նաև գլխավոր նպատակներից է ցույց տալ, որ դրանք չեն թուլացնում տվյալ երկրին, այլ, ընդհակառակը, հզորացնում:

Այսքանից հետո կարիք չկա հերքողական քաղաքականության: Հստակ և պարզ է մեսիջը, որը  ցանկանում են հղել՝ տեսեք, մենք էլ կայինք, ձեզ հետ էին: Մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունն ու ցանկանում առերեսվել մեր պատմության մաս հանդիսացող այս ցավալի անցյալի հետ:  Ասում ենք՝ թեև դժվար է, բայց եկեք միասին անենք դա: Վստահ եմ՝ սա Թուրքիայում արձագանք է գտնելու, և դա ավելի է հզորացնելու դրա համար պայքարող Թուրքիայի ու Հայաստանի հասարակության ձեռքը: Այլևս հետդարձ չկա:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի