կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 21:28
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայեցի դաստիարակության մեջ գլխավոր տեղում Հայ դատն է, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը․ Վաչե Նաջարյան

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության լիագումար նիստին մասնակցելու համար 26 երկրի 110 մասնաճյուղերից պատվիրակներ են եկել Երևան՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Նաջարյանը։

Կենտրոնական վարչությունն ընտրվել է 2019 թ-ին։ Հայաստանում անցկացվող լիագումար նիստն առիթ է՝ քննարկելու նախորդ 2 տարվա աշխատանքները, որոնք Քովիդի պատճառով մեծ փոփոխությունների են ենթարկվել։

«Արժևորեցինք մարտահրավերները, դժվարությունները և փորձեցինք, դրանց վրա հիմնվելով, մեր հաջորդ երկու տարվա աշխատանքները ծրագրել։ Կան տնտեսական, առողջապահական և տարբեր տեսակի մարտահրավերներ, որոնք պատանիների հետ աշխատանք տանելու դժվարություններ ստեղծեցին ՝ սկաուտական և մարզական հարթություններում։ Մանավանդ մարզականը հիմնված է ֆիզիկական աշխատանքի՝ հավաքի վրա,  և երբ հնարավոր չէր իրար մոտ հավաքել պատանիներին, այդ աշխատանքը շատ դժվար էր։ Սկաուտական աշխատանքը քանի որ ավելի դաստիարակչական ծրագրով է՝ ավելի դյուրին էր առցանց տարբերակով ներկայանալ, և առցանց կարողացանք մենք սկաուտական շատ աշխատանքներ անել»,-ասաց Վաչե Նաջարյանը։

Քանի որ Կենտրոնական վարչության անդամները հավաքվել էին Երևանում, ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական միության հետ համադրելով՝ Բյուրականի բանակավայրում երկու կարևոր նախաձեռնություն իրականացրին․ առաջինը՝ հուշակոթող բացեցին նվիրված է 44-օրյա պատերազմի ՀՄԸՄ-ական նահատակներին, և բոլոր կամավորներին, որոնք այդ բանակավայրից գնացել են պատերազմ և կոչեցին «Խիզախների պուրակ», երկրորդը՝ բանակավայրը կոչեցին նախկին ատենապետներից Գառնիկ Մկրտչյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում։

Հաջորդ տարի՝ 2022թ-ին, Երևանում անցկացվելու են ՀՄԸՄ-ական մարզախաղեր 26 երկրներից 1000 մարզիկների մասնակցությամբ։

«Մեր նախկին խաղերը եղան 2017 թ-ին և ունեցանք 1200 մարզիկ։ Այսպիսով, խանդավառություն կա, միշտ հայրենի հողի վրա վերադառնալու և մեր ծրագրերը անելու։ 2023-ին նախատեսել ենք ՀՄԸՄ-ի սկաուտական բանակումը Բյուրականում՝ նաև նվիրված մեր բոլոր սկաուտական աշխատանքներին, որ նորից հավաքելու է մի շարք երկրների սկաուտների»,-ասաց Վաչե Նաջարյանը։

ՀՄԸՄ-ի համար սկաուտությունն ու մարզանքը միջոց են, վստահեցրեց նա, նպատակը հայ տիպար քաղաքացի պատրաստելն է՝ հայ անհատ հայ ոգով։ Այդ դաստիարակության շնորհիվ էր, որ վերջին պատերազմում շատ ՀՄԸՄ-ականներ կամավորագրվեցին, շատերն էլ, ցավոք, նահատակվեցին։

«Հայեցի դաստիարակության մեջ գլխավոր տեղում Հայ դատն է, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը։ Մեր հայրենիքը որևէ օտարի չի կարող զիջել իր իրավունքներից կամ իր հողերից։ Դա մենք անում ենք ոչ թե զուտ գաղափարական իմաստով, այլ իբրև դաստիարակություն հայրենիքի տեսլականով»,-ասաց ԿՄԸՄ ԿՎ ատենապետը։

Նա վստահեցրեց, որ իրենց մոտ կրթվող պատանիները գիտեն, որ ուր էլ լինեն՝ տեր պետք է կանգնեն հայ մշակույթին, հայ լեզվին, և երբ հայրենիքը պաշտպանեու կոչը տրվի՝ ներկա պետք է լինեն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․