կարևոր
4450 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-06 22:47
Հասարակություն

Ես նրանց հայ չեմ համարում. ինչու է Համբիկ Սասունյանը միացել Տավուշից դեպի Երևան երթին

Ես նրանց հայ չեմ համարում. ինչու է Համբիկ Սասունյանը միացել Տավուշից դեպի Երևան երթին

Պետք է պայքարել` հասնելու նպատակին, իսկ նպատակն ուժեղ Հայաստան ունենալն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը, որը միացել է «Տավուշը հայրենիքի համար» շարժման երթին։

«Բոլորովին ուրախ չեմ մեր երկրի վիճակի համար. մեր 3000 տարվա պետությունը, հայրենի հողը թուրքերին են ուզում հանձնել։ Մեզ բոլորիս համար մեր երկրի ամեն քառակուսի մետրը մեծ նշանակություն ունի, ու մենք մեր պապերի գերեզմանները, մեր տաճարներն ու վանքերը չպետք է հանձնենք թուրքին»,– ընդգծեց նա։

Սասունյանը համոզված է, որ Ադրբեջանը մի քանի գյուղով չի բավարարվի։ Նրա խոսքով` թուրքը ամբողջ ՀՀ–ն է ուզում։

«Այս հողի համար պետք է պայքարենք։ Եթե կան մարդիկ, որոնք ասում են` հող տանք, միայն թե խաղաղություն լինի, ես ասում եմ` զոհվենք, միայն թե հայրենիք պահենք, ոչ թե հայրենիքը զոհենք մեր գոյատևման համար»,– ընդգծեց նա։

Սասունյանի համար տարօրինակ է, որ շատերն ասում են, թե սիրում են Հայաստանը, բայց ոչ մի բան չեն անում երկրի համար, մինչդեռ հայրենասիրությունը ծառայություն է նշանակում։

Նրա համար նաև խիստ ցավալի է, որ ինչպես ՀՀ–ում, այնպես էլ սփյուռքում կան մարդիկ, որոնք անտարբեր են այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ՀՀ–ում։

«Այդպիսի մարդկանց ես հայ չեմ համարում»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա