Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը քայլելով եկավ իշխանության «Մերժիր Սերժին» կարգախոսը ձեռքին՝ մերժելու կոչ անելով նաև Սերժ Սարգսյանի դարաշրջանի արատավոր բարքերը Երևանի պետական համալսարանում։ Մայր բուհը կառավարում էին քաղաքական դեմքեր, ամեն անգամ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրում Սերժ Սարգսյանին, ապա միաձայն՝ նրա առաջարկած ռեկտորին։ Փաշինյանն ասաց՝ սա վատ է, ու ամբողջ Մայր բուհը՝ դասախոսներով ու ուսանողներով, գնաց նրա հետևից։
«Սերժի ժամանակ» հոգաբարձուների խորհրդում էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և այլք։
«Նիկոլի թվին» հոգաբարձուների խորհուրդը քաղաքական հրահանգով ցրելուց, նորի կազմումը ձգձգելուց, կազմավորման համար եռանդամ Խորհուրդ ստեղծելուց հետո, նոր հոգաբարձունների խորհուրդը մի կերպ վերջապես ձևավորվել է։ Կազմը նայում ենք՝ դարձյալ քաղաքական թիմի անդամներ․ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան, ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյան, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն, վարչապետին կից ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մովսիսյան և այլք։ Այս մարդիկ քայլել են Փաշինյանի հետ, հետևողական առաջ են տանում նրա քաղաքական կուրսը։
«Հակառակ իրենց խոստումների, որ Մայր բուհը չի քաղաքականացվելու՝ մենք տեսնում ենք, որ հստակ քաղաքական դեմքեր ունեցող պետական պաշտոնյաներ են այստեղ նշանակված և, բնականաբար, ռեկտորի ընտրությունը լինելու է այնպես, ինչպես կթելադրի Նիկոլ Փաշինյանը»,-Yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
Շատ բան չփոխվեց, համալսարանների ինքնավարացումը չստացվեց, ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Միակ բանը, նրա խոսքով, որ փոխվեց, դա այն է, որ եթե առաջ առաջին դեմքերով էին ներկայացված պաշտոնյաները՝ երկրի նախագահը, նախարարներ, հիմա մի փոքր ստատուսն է փոխվել՝ փոխնախարարներ են կամ միջին պաշտոնյաներ, բայց սկզբունքը նույնն է, կառավարման մեխանիզմը նույնն է՝ բուհերը պահել հսկողության տակ։
ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը ևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմից լավ բան չի սպասում․ «Գիտխորհրդում նստած մարդիկ ստալինյան ժամանակների ձայնազուրկներ են, իրենք օրենքն ընդունեցին, իրենք որոշումը կայացրին, կրթության այդ համակարգը խցկում են համալսարան՝ նպատակը համալսարանը քանդելն է։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ քաղաքականացված էր, և դա այդպես է, այդ քաղաքականացվածությունը պատճառ բռնեցին, որ եկան իշխանության գլուխ։ Հիմա բուհերը չեն քաղաքականացված՝ մանկապարտեզներից են քաղաքականացված»։
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև կառավարության և լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:
«Եկեք նայենք՝ Հայկակ Արշամյան, Հովհաննես Մովսիսյան, Մխիթար Հայրապետյան․․․ և տանք գնահատական՝ արդյո՞ք նրանք կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող մարդիկ են։ Հայկակ Արշամյանը «Հայաստան» հիմնադրամի տնօրենն է, նշված ոլորտներում ճանաչված ներկայացուցիչ չէ, Հովհաննես Մովսիսյանը լրագրող է, դարձյալ կրթության, գիտության և այլ ոլորտներում ճանաչված չէ, Մխիթար Հայրապետյանն էլ գիտեք ով է, իհարկե, շատ կարևոր ներդրում ունեցել է այս իշխանություններին իշխանության բերելու հարցում, քայլել է նրանց հետ, բայց դարձյալ նշված ոլորտներում ավանդ ունեցող անձ չէ, հետևապես, այստեղ ևս խախտված է օրենքը»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Հոգաբարձուների նոր խորհրդում նաև արևմտյան ֆինանսական աղբյուրներով հետազոտություններ կատարած համալսարանականներ կան, որոնց գործընկերները «սորոսական» են համարում։ Մխիթար Գաբրիելյանն, օրինակ, հասցրել է «թավշյա հեղափոխության» մասին հետազոտություն գրել՝ Բաց հասարակության հիմնադրամների փողով։ Այս մարդկանց ևս բուհի ներսում չեն վստահում և համարում են Փաշինյանի աջակիցներ։
Հոգաբարձուների խորհրդում, ինչպես նշեցինք, ԵՊՀ գործընկեր գործատուներ պետք է լինեին․ այս կարգավորումը ուսանողներին հետագայում աշխատատեղ առաջարկելու համար է։ Մատենադարանն ու Հակադոպինգային գործակալությունը մեծ վերապահումով այդպիսիք համարելով՝ որևէ գործատու էլ հոգաբարձուների խորհրդի նոր կազմում չենք տեսնում։
«Մեկ-երկու հիմնարկության ղեկավար կա, որ կարող է հանդես գալ որպես պոտենցիալ գործատու, բայց այն իդեալական խորհուրդը, որի կազմում կլինեին կրթության պրոֆեսիոնալներ, գործարարներ, բարերարներ, որոնք մասնագիտական, ֆինանսական, մարդկային կապերի առումով կօգնեին բուհին, այդպիսի խորհուրդ, ցավոք, չունենք։ Հայտնի գործարարներ կարող են լինել, հայտնի հասարակական դեմքեր, դա շատ ճկուն է, բայց, իհարկե, օգտագործվում է այն կետը, որն իրենց ձեռնտու է»,-ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ ԵՊՀ-ն ապաքաղաքականացնելու լոզունգներով։ Եղավ մի պահ, որ բուհի ներսում սա լուրջ ընդունեցին․ դասախոսներն առաջարկեցին ուղիղ ընտրությամբ իրենց կազմից ռեկտորի թեկնածու առաջադրել, ապա հաստատել հոգաբարձուների խորհրդում։
«20 անգամ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը առաջարկեց՝ ուղիղ, անմիջական ընտրություն, ֆակուլտետները առաջարկում էին թեկնածուներ, այդ թեկնածությունները մեծ գիտխորհրդում մեր առաջարկով պիտի քննվեր, գիտխորհուրդը երաշխավորեր, ԵՊՀ-ի ներսից մեկը դառնար ռեկտոր։ Այդպիսի առաջարկ արվեց, մամուլում էլ հրապարակվեց, պատկառելի դասախոսներ կային, վաստակաշատ մարդիկ, որ համալսարանը պիտի լինի ինքնուրույն, ինքնակառավարվող, էդ ո՞րտեղ մնաց այդ ինքնակառավարվողը, դրսից վերցրել են մեկին, դնում են ռեկտոր, որ ի՞նչ անի, ակնհայտ չէ՞ ով պիտի գա։ Այդ Սուրեն Պապիկյանը ի՞նչ ներդրում ունի համալսարանի կյանքում, որ այսօր գա, համալսարանի քաղաքականությունը որոշի կամ կրթական համակարգը համակարգի, ո՞նց»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։
Վերջում, ինչպես գիտենք, եղավ հին՝ արատավոր ավանդույթի համաձայն՝ Փաշինյանի թիմակիցը, ԱԺ-ում «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար։ Դասախոսները, գիտխորհուրդն ու հոգաբարձուների խորհուրդը նրա նշանակմանը ոչ մի կերպ չմասնակցեցին։ Ավելին, հանվեց պրոֆեսորի կոչում ունենալու նվազագույն պահանջը՝ նրան մի կերպ այդ պաշտոնին կցկելու համար։
«Սերժի ժամանակ» ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած էր 32 հոգուց։
«Նիկոլի թվին» ՀՀ կառավարությունը փոխեց բուհի կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատեց՝ դարձրեց 20 հոգանոց․ դասախոսներից շատերը վստահ են՝ վերահսկելի դարձնելու համար։
Ավելին, նոր օրենքի նախագծով առաջարկեց հոգաբարձուների խորհրդի կազմն 9-հոգանոց դարձնել, որոնցից 5-ին կառաջադրի ԿԳՄՍ նախարարը։ Այս դրույթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։ Նախագիծը փոխեցին ու հիմա այն սահմանում է 12-հոգանոց կազմ, որոնցից 6-ին բուհի գիտխորհուրդը կառաջադրի, 6-ին՝ ԿԳՄՍ նախարարը։ Աբսուրդն այն է, որ ԵՊՀ ռեկտոր ընտրելիս հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրելու է 3 թեկնածու, որոնցից մեկին, իր հայեցողությամբ, ռեկտոր է նշանակելու ԿԳՄՍ նախարարը՝ անգամ հաշվի չառնելով՝ խորհրդի անդամների 12 քվե՞ն է ստացել, թե՞, ասենք, 7-ը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհրդի իրավասություններն են իր աշխատակարգի հաստատումը, ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը, ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը, ԵՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը, ԵՊՀ-ի կառուցվածքի հաստատումը, ԵՊՀ-ի հաստիքացուցակի հաստատումը, ԵՊՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը և այլն:
Սերոբ Խաչատրյանը հանուն օբյեկտիվության նշում է, որ բուհերն իրենք էլ այսօր պատրաստ չեն պայքարելու իրենց ինքնավարության համար, և եթե այդ պայքարը չկա, բնականաբար, կառավարությունը կարողանում է հեշտությամբ իր օրակարգն առաջ տանել։
Սերժ Սրապիոնյանը վկայում է, որ «Սերժի ժամանակ» հոգաբարձուների խորհրդի նիստերում գոնե առողջ դիսկուրս կար՝ կոշտ քննադատություն, հիմա այդ բանավեճի կողմեր էլ չկան, բոլորն իրենք են։
«Այս ամբողջ մեյմունությունն արվում է համալսարանի դագաղի վերջին մեխը խփելու համար»,-փաստեց Սերժ Սրապիոնյանը։
Ճիշտ է՝ այն ժամանակ էլ միաձայն էին խորհրդի նախագահի ու ռեկտորի ընտրությունները, հենց սրա դեմ պայքարելով Փաշինյանը եկավ իշխանության, մինչդեռ միաձայն քվերակությունների էջը, փաստորեն, չի փակվում․ նոր խորհրդի կազմը վկա։
Աննա Բալյան