Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական պաշտոնյաների հայտարարություններն ունեն ապացուցողական նշանակություն և, ցավոք, շատ պաշտոնյաներ չեն հասկանում, որ շատ բարձր ատյաններում իրավական գործընթացներ կան՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, և երբ Ադրբեջանը չունենա ապացույցներ հերքելու փաստերը, իսկ փորձը ցույց է տվել, որ փաստերի մակարդակով խոսելիս իրավական թիմը միշտ հաղթել է, նրանք հենվելու են քաղաքական հայտարարությունների վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը՝ մեկնաբանելով Կոռնիձորից ադրբեջանցիների՝ 107 ոչխար և 5 այծ գողանալու մասին ՄԻՊ Արման Թաթոյանի դատապարտող հայտարարությանն ի պատասխան Տեղ գյուղի համայնքապետի օգնական Արամ Միրզոյանի մեկնաբանությունը, որ ոչխարներն իրենք են անցել սահմանը։
«Կարծես թե մեր պաշտոնյաները ծառայում են հանուն Ադրբեջանի իշխանությունների և գեներացնում են այնպիսի ապացույցներ, որոնք կարող է վտանգի տակ դնել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործերը»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։
Հայտարարությունների այս գիծը իրավապաշտպանի համար պարզ է՝ մենք ունենք իշխանություններ, որոնք գտնվում են բանակցային սեղանի շուրջ, բանակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք ունեն վերազանցություն հայերի հանդեպ, և ունեն թելադրող դիրք, և բազմաթիվ սպառնալիքների ներքո հարկադրում են որոշակի պահանջների կատարում։
«Այս պրակտիկայի պարագայում եթե կատարում են Ադրբեջանի շահերին դեմ գործողություններ, նրանց հանդիմանում են և հավելյալ սպառնալիքների են ենթարկում հերթական բանակցությունների միջոցով։ Եվ չմոռանանք, որ նաև օգտագործում են իրենց աջակցող պետությունների ուժը»,-ասաց նա։
Քանի որ արտաքին քաղաքական հարաբերություններում Հայասանի իշխանությունները զրկված են սուբյեկտայնությունից, նկատեց Սիրանույշ Սահակյանը, և նրանք ինքնուրույն խոսք չունեն և թելադրված արարքներ են իրականացնում, հասկանալի է, որ վախենում են ցանկացած գործելակերպից, որը կարող է վնասել ադրբեջանական շահերին և պայմանավորված բանակցություններին։
«Պետք է այս տրամաբանության մեջ դիտարկել այդ հայտարարությունները։ Եվ պատահական չէ, որ նման հերքող հայտարարությունները հիմնականում գործադիր իշխանության թևից են։ Որևէ անկախ կառույց կամ մասնակից անձ նման հայտարարությամբ հանդես չի գալիս։ Օրինակ, բնակիչները որևէ շահագրգռություն չունեն սխալ հայտարարություններ տալու, նրանք հիմնական շահառուներ են և հեաքրքրական է, որ բնակիչները չեն հերքում նման հայտարարությունը, բայց հերքում է տեղական ինքնակառավարման մարմինը, որը ենթարկեցված է պետական իշխանության մարմնին»,-փաստեց Սիրանույշ Սահակյանը։
Իսկ կոռնիձորցիների անասունների գողությունը, նրա խոսքով, ադրբեջանական ոտնձգության հերթական դրսևորումն է, ընդ որում այդ ոտնձգություններն իրականացնում են թե՛ սեփականության իրավունքի դեմ, թե՛ անգամ մարդկանց կյանքի ու անվտանգության։
«Այստեղ սեփականության պաշտպանության հարց կա, բայց դրա հետ մեկտեղ անվտանգության հարցեր են առաջ գալիս, որովհետև եթե ադրբեջանական զինված ուժերը կարողանում են ներթափանցել և կենդանիներ տանել, նույն տրամաբանությամբ նրանք կարող են սպառնալիք ներկայացնել նաև ֆիզիկական անձանց համար»,-ասաց իրավապաշտպանը։
Նա բազմաթիվ միջադեպեր հիշեց, երբ Հայաստանի սահմանամերձ հատվածներից ադրբեջանցիներն առևանգել են մարդկանց, թեև միջազգային հանրությանն ադրբեջանական կողմը հրամցրել է այն վարկածը, որ նրանք անցել են սահմանը և հայտնվել ադրբեջանական տարածքում և այնտեղից են ազատությունից զրկվել։
«Արդեն դատական ատյաններով հաստատված է, որ նրանք ներթափանցել են հայկական սահմաններ, առևանգել են և անձին տանելով Ադրբեջան, խոշտանգել և սպանել են։ Խոսքը ՄԻԵԴ-ում քննված Մանվել Սարիբեկյանի, Նարեկ Սարդարյանի և բազմաթիվ այլ գործերի մասին է, ովքեր հիմնականում առևանգվել են, իրականում, ադրբեջանցիներն իրականացրել են օպերացիա և անձանց առևանգել են»,-փաստեց Սիրանույշ Սահակյանը։
Այս առևանգումները, նրա համոզմամբ, նաև սահմանամերձ գոտիների բնակչությանը ցուցադրաբար ահաբեկելու նպատակ ունեն։
«Այստեղ նշանակություն չունի՝ կենդանիներն իրե՞նք են գնացել, թե՞ ադրբեջանցիներն եկել, տարել են, որովհետև կենդանիները հաճախ սահմաններ չեն ճանաչում, բայց կարող են հատել։ Համենայն դեպս, միջազգային պարտավորությունները ենթադրում են, որ եթե անգամ կենդանիներն էին հատել Ադրբեջանի սահմանը, դրանք պիտի վերադարձվեին իրենց սեփականատերերին։ Եվ քանի որ հայկական կողմից է շարժը եղել, հասկանալի է, որ պետք է վերադարձվեին հայկական գյուղերի բնակիչներին, ինչը տեղի չի ունեցել։ Բայց իրավական գնահատականի առումով նշանակություն չունի՝ նրանք մտել, քշել են դեպի ադրբեջանական ուղղությո՞ւն, թե՞ կենդանիները գնացել են և, հետ վերադարձնելու փոխարեն, պահել են։ Սեփականության իրավունքի կորստի պատասխանատվությունը լիարժեքորեն ադրբեջանական իշխանություններինն է»,-ասաց իրավապաշտպանը։
Բուֆերային ապառազմականացված գոտու անհրաժեշտություն նա տեսնում է, որտեղ չպետք է բացառել նաև մոնիթորինգային խմբերի աշխատանքը, որոնք պետք է ապահովեն, որպեսզի զինվորականների և քաղաքացիական բակչության շփումը տեղի չունենա և նմանատիպ միջադեպերի ժամանակ անվտանգության երաշխիքներ տրամադրեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Միջազգային ներկայությունն այստեղ, նրա կարծիքով, օգտակար կլինի։
Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը տարածքային զիջումներից հետո հայտնվել է երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ։ Գյուղի շուրջ 300-400 հա վարելահողերը, արտովայրերը մնացել են թշնամու գերակայության տակ։
Աննա Բալյան