կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 17:04
Քաղաքական

Պարոն Զաքարյանն այն անձն է, ով պատերազմ է անցել, մասնակցել ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի․ Վահե Հակոբյան

Պարոն Զաքարյանն այն անձն է, ով պատերազմ է անցել, մասնակցել ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի․ Վահե Հակոբյան
Վերջին օրերին որոշ անձինք, մեկը մյուսին շարունակելով, հարձակումների շարք են սկսել Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ Մի կողմ դնելով հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը մեր գործընկերն է, և երկար տարիների ճանապարհ ենք անցել միասին, ես ուզում եմ հիշեցնել նաև, որ պարոն Զաքարյանն այն անձն է, ով պատերազմ է անցել, մասնակցել ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի։ Պարոն Զաքարյանն այն անձն է, ով հալածվել է ու շարունակում է հալածվել իր քաղաքական հայացքների համար այսօրվա իշխանությունների կողմից, ով ազատորեն արտահայտում է իր տեսակետներն ու մոտեցումներն այսօր և ազատ է եղել դրանք արտահայտելու հարցում նաև մեր դաշինքի անդամ դառնալուց առաջ։
 
Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցն, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկը մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։
Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան թեկուզ միայն ընդդիմության հետ կապված, բայց «պատվերի շրջանակներում», որի միջոցով որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ, թիրախավորվում է կոնկրետ անձ․․․
 
Տպավորություն է, որ այս արշավն իրականացնողների բարոյական արժեքներն այլևս չունեն կարմիր գծեր և այսօր մեզ փորձում են իրենց ճղճիմ օրակարգերի մեջ ներքաշել։ Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք։
Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք։
 
Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։
 
Վահե Հակոբյան