կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 15:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հապճեպորեն կազմակերպված ընտրություններն ավելի կարող է վտանգել մեր պետությունը. Գոռ Գևորգյան

Ընտրություններն ունենում են ոչ միայն արդյունքներ, այլ նաև հետևանքներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց  անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ ԱԺ արտահերթ նիստում դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

Նա նշեց, որ հապճեպորեն կազմակերպված ընտրություններն ավելի կարող է վտանգել մեր պետությունը։

«Հասարակության մեջ առկա խորը անջրպետը, ատելության մթնոլորտը, պարբերաբար հորդացող լուտանքը հազիվ թե հնարավորություն տան մեզ բոլորիս համոզվել առ այն, որ ընտրությունները կարող են այդ բոլոր հարցերի լուծումը տալ»,- ասաց Գոռ Գևորգյանը։

Նա նկատեց, որ դասագրքային ճշմարտություն է, որ ընտրություններ անցկացնելը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակն է, բայց հարց ունի՝ Հովակիմյանը, որպես ընտրությունների օրակարգն առաջ բերած ուժի ներկայացուցիչ, ունի՞ որևէ համոզմունք, որ գալիք ընտրությունները թույլ կտան, որ մեր ժողովուրդը հաղթահարի ճգնաժամը։

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ միանշանակ ունի այդ համոզմունքը։

Գոռ Գևորգյանն ասաց՝ կա ևս մեկ դասագրքային ճշմարտություն, որ ընտրությունների գնում են հասարակության համախմբվածության շրջանակներում՝ մարտահրավերների մասին համընդհանուր պատկերացում ունենալու պարագայում։

Վահագն Հովակիմյանն ի պատասխան ասաց, որ բարեբախտություն է, որ երկրում տիրող իրավիճակը Գոռ Գևորգյանի տպավորություններին համահունչ չէ․ «Դուք իրավունք ունեք Ձեր կարծիքն ունենալու, բայց բարեբախտություն է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք նկարագրում»։

Հիշեցնենք, որ Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սեգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․