կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 22:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմին Հունաստանի ԱԳ նախարարի այցը միայն Հայաստան և բացահայտ զորակցությունը առայսօր կապիտալացված չէ․ Քերոբ Էքիզյան

Սփյուռքի հայերը հայրենազուրկ են դարձել նույն թշնամու ձեռքով, որն այսօր կանգնած է Հայաստանի սահմանին և փորձում է գրավել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հունաստանի «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Քերոբ էքիզյանը։

«Մեզ համար սա կարևոր մտահոգություն է և ամեն օր հետևում ենք այս ամբողջ զարգացումներին։ Մենք՝ ավելի, որովհետև Հունաստանը և հույն ժողովուրդը նույն թշնամուց են տուժել։ Վստահեցնում եմ, որ նույն զգայունությունը,որ մենք ունենք որպես հայ մեր հայրենիքի հանդեպ, նաև հույներն ունեն իրենց հայրենիքի համար, որովհետև նույն նկրտումները նաև թուրքն ունի իր կողմից Հունաստանի համար»,-ասաց Քերոբ Էքիզյանը։  

Հունաստանն ու Հայաստանն ավանդաբար դաշնակիցներ են եղել՝ նշեց նա, պատմական բարեկամությունից մինչև Հայաստանի անկախության շրջանում շարունակվածը։ Բայց վերջին տարիներին նա նկատել է, որ այդ ներուժը, որ Հունաստանը կարող է տալ, տկար է կիրառվում։

«Ես սպասում էի, որ Հայաստան պետությունը էլ ավելի զորավոր ու ցցուն քայլերի կդիմեր, որպեսզի Հայաստանն ապահովի Հունաստանի զորակցությունը։ Որքան էլ քաղաքականությունը տիրող լինի միջազգային հարաբերություններում, որքան էլ որ ազգերի միջև հարաբերությունների նրբություններ տեղի ունենան, երբեք չպետք է մտահան անենք, որ Հունաստանը մեզ համար շատ կարևոր դաշնակից է»,-նշեց Քերոբ Էքիզյանը։

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Արցախում 44-օրյա պատերազմի առաջին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարարը միակ նախարարն էր, որ այցելեց Հայաստան, և բացահայտ կերպով իր զորակցությունը հայտնեց հայությանը։

«Այլ պարագաներում պիտի սպասվեր, որ նույն այցելությունը միաժամանակ նաև կատարեր Բաքու՝ հավասարակշռությունը պահելու համար, բայց նա դա չարեց․ ինքը միայն բավարարվեց Հայաստանով՝ ցույց տալով նաև Հունաստանի կողմնորոշումը Հայաստանի դիմաց»,-հիշեցրեց նա։

Հունաստանի այս քայլը, սակայն մինչը այսօր կապիտալացված չէ՝ ընդգծեց Քերոբ Էքիզյանը։

«Չմոռանանք նաև, որ Ադրբեջանը բավական սերտ կապեր է փորձել ունենալ Հունաստանի հետ մանավանդ գազի խնդրով։ Հայաստանը պետք է հակադարձի, ինքն ավելի գերիշխող լինի, տիրապետող լինի իր հարաբերությունների զարգացման ոլորտում, քան թե Ադրբեջանը։ Բարեբախտաբար, վերջին տարիներին ադրբեջանական այս թափանցումը կասեցված է, քանի որ նաև ձախողումներ եղան հունական գազի ընկերության գնումի ճամփով  ազերիների կողմից, բայցևայնպես այսօր կա զորավոր քարոզչություն ադրբեջանցիների կողմից Հունաստանի մեջ, որպեսզի իրենց քարոզչությունը, քաղաքական տեսակետները տարածվեն և որպես ճշմարտություն ընդունվեն Հունաստանի կողմից։ Մեր պետությունը այս ամենը պարտավոր է անել ավելի զորավոր կերպով։ Վստահեցնում եմ, որ հունահայ գաղութը դա անում է տարիներ, տասնամյակներ ի վեր, բայց Հայաստան պետության կողմից ճշմարտության ներկայացումը հունական հասարակության մեջ իր հատուկ նշանակությունն ունի»,-ասաց Քերոբ Էքիզյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այնքան վտանգավոր է, այնքան հակապետական է, որ բացահայտ է, մեծ վերլուծությունների ու խորաթափանց քննարկումների կարիք չկա դա հասկանալու համար։

Նրանց համար հաջորդ մեծ մտահոգությունը հայ-թուրքական մերձեցման խնդիրն է։

«Այսօր չենք կարող դյուրությամբ ընդունել հայ-թուրքական մերձեցումը, ասելով՝ առանց նախապայմանի, առանց որևէ խնդրի մենք այսօր պատրաստ ենք խոսելու՝ ի շահ համակեցության։ Այս ամենը մեր մտահոգ զանգվածի խոսակցության առարկան է և այդ մտահոգություններն, անշուշտ, փոխանցվում են մեզ։ Մենք էլ այս ամենն արտացոլում ենք մեր մամուլում»,-նշեց Քերոբ Էքիզյանը։

Ավելի քան 10 տարի առաջ Հունաստանում ևս վարկած էր առաջ քաշվել, որ հաշտվեն Թուրքիայի հետ և համակեցության մթնոլորտի մեջ գոյատևեն։ Այդ վարկածն այնքան շատ էին փորձում ներմուծել ժողովրդի գիտակցության մեջ, որ վտանգավոր խնդիրներ առաջացան՝ ասաց նա․ փորձեցին փոխել, այլանդակել պատմական իրողությունները, օրինակ, «Իզմիրի աղետը» հունարեն գրքերում հանկարծ վերափոխվեց «Իզմիրի խճողումը» ձևակերպման։ Այս իրավիճակը հիշեցրեց հայոց պատմության դասագրքերում թուրքի՝ իբրև թշնամու, կերպարը վերափոխելու մերօրյա փորձերին։  Հունաստանում այս փորձառությունը ապագա չունեցավ։

Հայաստանը պետք է օգտագործեր իր հնարավորությունները տարածաշրջանային մի շարք ուժերի հետ, որոնք այսօր որևէ շահ չունեն թուրք-ադրբեջանական տանդեմից՝ նշեք Քերոբ Էքիզյանը։

«Ես հիշում եմ անցյալում, որ Հունաստանին էլ եղած էր թելադրանք, որ Իրանի հետ իր կապերն ավելի սերտացնի։ Հետևաբար, ես տեսնում եմ, որ Հայաստանը որպես պետություն պետք է նաև հուշեր Հունաստանին, որ նա էլ Իրանի հետ կապ ստեղծելու հնարավորություն պետք է լինի։ Իհարկե, պետք է նաև նկատի ունենալ Հունաստանի նրբությունները, որ վերջերս շատ սերտ հարաբերություններ է ստեղծել Իսրայելի հետ, և գիտենք, թե Իսրայելը որքան հակադրված է Իրանին, բայց նույնիսկ այս նրբությունները նկատի ունենալով՝ ես կարծում եմ, որ Հայաստան պետությունը պետք է այդ ճամփան բանա և Հունաստանին ևս տա այդ առիթը, որպեսզի ստեղծվի մի գիծ, որ կներառի այդ երկրների գործակցությունը և Հայաստանին դաշնակից լինելու իրական ձևը»,-ասաց նա։

Քերոբ Էքիզյանը նկատեց, որ այլ հարց է Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափը․ բայց դա այսօր բոլորովին մի կողմ է մնացել, մինդեռ այդ ձևաչափը կարող է ավելի խորանալ այլ երկրների ընդգրկումով։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․