կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 17:58
Հասարակություն

Չեմ ուզում բարձրաձայնել՝ կվնասեմ իմ հոգեւորականներին. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում փակված հոգեւորականների մասին

Չեմ ուզում բարձրաձայնել՝ կվնասեմ իմ հոգեւորականներին. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանքում փակված  հոգեւորականների մասին

Չեմ ուզում բարձրաձայնել, այդպիսով ավելի պիտի վնասեմ իմ հոգեւորականներին: Ավելի ճիշտ կլինի ներքին կարգով նրանց հետ կապը պահեմ, կարողանամ սնունդով ապահովել, եղածն էլ չփչացնեմ, լուռ անեմ, որովհետեւ բարձրաձայնելով՝ ավելի ենք վնասելու նրանց.  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ խոսելով Դադիվանքում ծառայող հոգեւորականների վիճակից:

Նշենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Դադիվանքի հայ հոգեւորականները 6 ամիս է, ինչ փակված են այնտեղ: Մեկնաբանելով Բագրատ Սրբազանի այս հայտարարությունը՝ Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Շրջափակում է անշուշտ: Մեր հոգեւորականները Դադիվանքում փոքր օղակն են, մի քիչ մեծ օղակը՝ խաղաղապահներն են, ավելի մեծ օղակը՝ ադրբեջանցիներն են: Բայց այս մասին նախընտրում եմ շատ չխոսել: Մենք աշխատում ենք, մեր գործը կատարում ենք, եթե պիտի ամեն տեղից գոչենք, աղաղակենք, նրանք էլ լուռ չեն մնա, կարող են ասել՝ «Մեր տարածքում եք, դուրս եկեք մեր տարածքից»: Ավելի լավ է լուռ աշխատենք»:

Դադիվանքի հոգեւորականների փակված լինելը Սրբազանը մեկնաբանեց նաեւ հոգեւոր տեսանկյունից, նշելով, որ ուխտավորներն այլեւս Դադիվանք չեն գնում:

«Գործող վանքի գործունեությունը պայմանավորված է հավատացյալների ներկայությամբ: Եթե հավատացյալների ներկայությունը չկա, հոգեւորականները հոգեւոր իմաստով էլ են շրջափակված, քանի որ չեն կարողանում իրենց օրհնությունը տալ: Հոգեւորականի համար ամենակարեւորն այն է, երբ նա թեքվում է՝ խաղաղություն փոխանցելու: Եթե եկեղեցին դատարկ է լինում՝ հոգեւորականի օրհնությունն օդում կախված է մնում, չի հասնում հավատացյալներին»,-ասաց նա:

Վրթանես սրբազանին հիշեցրինք, որ նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգեւորականները, եւ ամեն կիրակի հայ ուխտավորները հնարավորություն են ունենալու այցելել եկեղեցի՝ մասնակցելու պատարագներին։ Սկզբնական շրջանում Դադիվանքը ուխտավորների պակաս չուներ, այցելուների մեծաթիվ հոսք էր գալիս եկեղեցի, սակայն մայիս ամսից թշնամին արգելել է նրանց մուտքը՝ առանց որեւէ բացատրության:

Սրբազանի խոսքով՝ սկզբանական շրջանում համավարակը, ապա սողանքների հետեւանքով ճանապարհների փուզումն են պատճառ դարձրել, հետո հարցը տեղափոխել են քաղաքական դաշտ:

«Ասում են՝ հարցը լուծվում է վերեւներում, մենք զինվորական ենք, չենք կարող հարցին լիարժեք պատասխանել: Ծանրակշիռ պատճառներ էին բերում, որոնց պատասխանը իրենք չունեին, մենք էլ չէինք կարող ճշտել: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի նորից վերականգնվեն ուխտագնացությունները դեպի Դադիվանք»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը:

Լիանա Սարգսյան

Ամբողջական նյութը՝ հաջորդիվ: