կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 22:28
Հասարակություն

Փաշինյանն ինքնասպանության փաստաթուղթ է ստորագրում. Գևորգ Գևորգյան

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում կրակ էին բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Տեղեկությունը հայտնել էր Արցախի պաշտպանության բանակը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայ ազգային ճակատ» կազմակերպության ղեկավար, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, անդրադառնալով Արցախի սահմաններին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ռազմական սադրանքներին, նշեց, որ թշնամու գործողությունները միտված չեն ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսելուն, դրանք հիմնականում Արցախում խաղաղապահ զորքերի դեմ իրականացվող քայլեր են, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախի տարածքից հեռանա Ռուսաստանն իր խաղաղապահ առաքելությամբ։

«Ի հեճուկս Ադրբեջանի՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ինքն ունի կարևորագույն դերակատարում, որ առանց իրեն այստեղ որևէ գործընթաց չի կարող լինել, ուստի սա ավելի շատ ուժի ցուցադրություն էր՝ ընդդեմ Ռուսաստանի։

Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը որևէ բան ստիպելու ցանկություն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ բոլոր հարցերում սինքրոն է աշխատում, ուստի Ալիևը Փաշինյանին որևէ բան պարտադրելու կարիք չունի»,- ասաց Գևորգյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանի պես թշնամու հետ խաղաղության գնալը հայ ժողովրդի համար լինելու է ինքնասպանություն։

«Ադրբեջանի հետ խաղաղության գնալը նշանակում է՝ ստորագրել հայ ազգի ինքնասպանության փաստաթուղթը, Փաշինյանը դա է անելու, թեև մտածում է, թե գուցե դա էլ մարսի»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ իշխանությունն ընդամենը զբաղված է ժամանակ ձգելով, որպեսզի վերջնականապես ստորագրի մի խաղաղության պայմանագիր, որի արդյունքում բավարարելու է Ալիևի դրած պահանջը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Այս Կառավարությունը չի կարող երաշխիք տալ, որ Արցախը չի կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, որովհետև իշխանության է եկել հենց դրա համար։ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ կա մի փոքր հատված, որն իրեն կուրորեն վստահում և հավատում է, ուստի ինքն իր այդ պլանն իրականացնելու համար երկրում ստեղծում է կառավարելի քաոս»,- ասաց Գևորգյանը՝ շեշտելով, որ Փաշինյանն իր առաջ դրված պլանը կատարում է՝ Ալիևի հետ համաձայնեցված։

Եվ որպես Ալիևի հետ համաձայնեցված աշխատանքի օրինակ՝ Գևորգ Գևորգյանը վկայակոչեց այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ Հայաստանի հասցեին Ալիևի հնչեցրած մեղադրանքներին որևէ հակափաստարկով չպատասխանելը։

«Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրում է նարկոբիզնեսով զբաղվելու համար, Փաշինյանն ի պատասխան՝ ասում է, որ իրավապահ մարմինները բացահայտումներ են անում այդ ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանին դարձնում է իր հայտարարություններով այս տարածաշրջանի ամենամեծ չարիքը, թե իբր իրենք այդ չարիքին պատերազմում հաղթեցին, իսկ մեր իշխանազավթիչը հաստատում է Ալիևի ասածը»,- ասաց Գևորգյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսում իր ելույթի մեծ մասը նվիրելով խաղաղության դարաշրջանին՝ Փաշինյանը հետապնդել է միայն մեկ նպատակ.

«Սյունիքի հանձնում, Հայաստանի վերջնական կործանում և պատրաստվող երկրորդ փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ է ստորագրվելու»,- ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում