կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 20:40
Հասարակություն

Թույլ եմ տվել հայ մարդուն անհարիր վարք. հրապարակավ ներողություն՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենից և նրա ընտանիքից

Թույլ եմ տվել հայ մարդուն անհարիր վարք. հրապարակավ ներողություն՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենից և նրա ընտանիքից

«Ուրախ եմ հայտնել բոլորին, որ հոկտեմբերի 9-ին իմ հրապարակման հասցեատիրոջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ եկել ենք ընդհանուր հայտարարի, առ այն, որ ես, չունենալով հնարավորություն իրեն անձամբ դիմելու և բարձրաձայնելով իմ ֆեյսբուքյան փակ էջում, միայն ընկերների համար տեսանելի (տեղյակ չլինելով անգամ mamul.am կայքում նյութս հրապարակելու փաստին) թանգարանի առջևի, բայց թանգարանին չպատկանող կոթողի սեպագրում թույլ տված կոպտագույն սխալը, ինձ թույլ եմ տվել ոչ պարկեշտ, հայ մարդուն անհարիր վարք, ինչի համար հայցում եմ ներողամտություն իրեն և իր ընտանիքին: Ընդունում եմ, որ անընդունելի վիրավորանք եմ հասցրել, բայց ոչ երբևէ սպառնացել»,- այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է քաղաքացի Էդուարդ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ օրերս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հայտարարել էրոր իր մասին սպառնալից, կեղծ լուր է տեղադրված կայքերից մեկում: Հոդվածի հեղինակը վիրավորական, սպառնալից և անվայել արտահայտություններ էր հնչեցրել տնօրենի հասցեին՝ սպառնալով «սատկացնել նրան Էրեբունի թանգարանի արձանի տակ»: Պատճառը եղել է թանգարանի առջևում տեղադրված (ինչպես այնուհետև պարզվել է՝ թանգարանին չպատկանող) կոթողի սեպագրում թույլ տված սխալը:

Արգելոց-թանգարանի տնօրեն, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս Միքայել Բադալյանը դա համարել էր սպառնալիք իր նկատմամբ, վիրավորանք և զրպարտություն: «Այս կապակցությամբ մոտ օրերս դիմելու եմ ՀՀ իրավապահ մարմիններին և դատի եմ տալու վերը նշված կայքին: Նմանները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշված էր վերջինիս տարածած հաղորդագրության մեջ: Հավելենք նաև, որ Միքայել Բադալյանն այնուհետև այդ կապակցությամբ դիմում էր ներկայացրել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենից և նրա ընտանիքից հրապարակավ ներողություն խնդրած քաղաքացին նաև փաստել է, որ երբեք կասկածի տակ չի դրել Միքայել Բադալյանի բուն մասնագիտական որակները (հնագիտության ասպարեզում) և նվիրումը իր գործին, ինչպես նաև դրական ավանդը իր գլխավորած կառույցի հսկողության տակ գտնվող հուշարձանների պահպանման և բարեկարգման գործում:

«Ցավոք, ինչպես հաճախ է լինում, համարում եմ, որ իրոք այլ կերպ հնարավոր չէր գալ այս հայտարարին։ Եւ հուսամ, որ դա հետագայում չի խանգարի մեզ համատեղ պայքարել նմանօրինակ երևույթների դեմ: Կրկին անգամ ցավում եմ բարոյական վնաս հասցնելու համար»,- նշել է Էդուարդ Մելիքյանը: