Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։
Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին:
Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը Կանադայում արժանացել է Համազգային կրթամշակութային հաստատության մրցանակի:
2021 թվականին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակն ու պատմվածքներ։ Հեղինակել է նաև հեքիաթներ («Լուսնի հեքիաթները», «Թաց ու Չորի և նրա որդիների զարմանահրաշ արկածները մեր օրերում» երեքհատորյակը), թատերգություններ («Լևոն Հայկազը», «Ազատության զանգը», «Անապատ»): Էստոնիայի և Կրակովի օպերային թատրոններում բեմադրվել են «Ադամամութ» օպերան, որի լիբրետոյի հեղինակն է։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, բազմաթիվ գրքերի խմբագիր է։
Վահան Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, լիտվերեն, ֆրանսերեն, լեհերեն, բազմիցս հրատարակվել հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում: Մոտ 40 գիտահանրամատչելի և վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է («Արևի տաճար», «Հայաստան», «Արցախ», «Թիրախ», «Հայոց պատմություն» ֆիլմաշար (12 ֆիլմ), «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշար (10 ֆիլմ) և այլն։
Նրա թարգմանությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Պատանի հանդիսատեսի թատրոնում, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Շոթա Ռոկվայի «Իմ գյուղը գետի այն ափին է» վրացական, Վիկտոր Էստիմիուի «Մահ տեսած մարդը» ռումինական թատերգությունները։
Վահան Տեր-Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:20-ին, «Լուար» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի գրողների միությունից։