կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 17:48
Հասարակություն

Կրկնվում է 2018-ի սցենարը, սցենարիստ և ռեժիսոր՝ Արթուր Դավթյան

Կրկնվում է 2018-ի սցենարը, սցենարիստ և ռեժիսոր՝ Արթուր Դավթյան

Երեկ ընդդիմության միասնական ուժերը սկսեցին իրենց այցերը պետական գերատեսչություններ՝ ճշտելու համար՝ արդյո՞ք բարձր պաշտոն զբաղեցնող անձինք կողմ են այն փաստաթղթին, որը հրապարակել է ընդդիմությունը: Այսօր, ի դեպ, այդ այցերը շարունակվում են, և այս պահին Վազգեն Սարգսյան փողոցի նախարարությունների շենքի դիմաց հավաքված մեծաթիվ ընդդիմադիրներն ընդամենը ցանկանում են պարզել՝ մեծ հաշվով Սփյուռքի կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ, արտաքին գործերի, արդարադատության նախարարները կո՞ղմ են արդյոք այն պնդմանը, որ Արցախը երբեք չի գտնվելու Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ:

Երեկ ևս նույն պահանջով նրանք գտնվում էին կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Պատգամավորներին թույլ չտվեցին մտնել նախարարությունների շենք, իսկ ոստիկանությունը սկսեց աննախադեպ դաժանությամբ փորձել ցրել հավաքը: Արդյունքում՝ արյունոտ դեմքեր, դաժանությամբ ցուցարարին գետնին տապալող ոստիկան, կանանց մազերից քաշող կարմիրբերետավորներ, պատառոտված հագուստով խմբագիր. 18+ կադրերի պակաս չկար: Ավելի ուշ 168.am-ին ոստիկանությունից տեղեկացրին՝ «Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն»:

Նախորդ օրերին նույն հարցման ժամանակ թիվ ասելիս՝ նշվում էր, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, իսկ այսօր բերման ենթարկվածներին վերագրվում է խուլիգանության հանցակազմ: Իսկ սա արդեն քրեական օրենսգիրք է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ նախ և առաջ՝ խափանման միջոց կալանավորումներով:

Այսինքն՝ ոստիկանությունը 111 հոգու նկատմամբ փորձում էր «կարել» խուլիգանության հանցակազմ, իսկ այն, որ ոստիկաններն արգելում էին պատգամավորներին ազատ տեղաշարժվել, խեղդում ու խփում էին նրանց, քարշ տալիս, ինչի ապացույցները լիքն են ԶԼՄ-ների, մասնավորապես՝ նաև 168.am-ի յութուբյան ալիքում, երբ սովորական, խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում էին սամբոյի կամ ըմբշամարտի հնարքներ ու նրանց տառացիորեն տապալում գետնին, իհարկե, բնականաբար, աննկատ մնաց ոստիկանության ղեկավարության աչքից: Երեկ ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ, ուր ավելի քան 40 բերման ենթարկվածներ կային, փաստաբաններն ու պատգամավորները նույնպես նշեցին՝ փորձ է արվում մարդկանց առաջադրել խուլիգանության մեղադրանք:

Երեկոյան ուշ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», սկսեց արդեն ձերբակալվածների անուններ հրապարակել, թեպետ գրում էին՝ չգիտեն՝ ինչո՞ւ են այս անձինք ձերբակալվել:

Առավոտյան, սակայն, պարզ դարձավ, որ Դատախազությունը գործադրել է հին, բարի ու փորձված մեթոդը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ զանգվածային անկարգության հանցակազմը:

Երեկ էլ պարզ էր, որ 111 հոգու չեն կարողանալու խուլիգան դարձնել, ավելի հեշտ է «կարել» զանգվածային անկարգությունները, ինչպես ասում են՝ դուռը թողնել բաց ու շարունակ համալրել ձերբակալվողների կազմը:

Քննչական կոմիտեն էլ չհապաղեց հաղորդագրություն տարածել:

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ:

Հաջորդիվ մի սրտաճմլիկ տեքստ էին շարադրել, որն ընթերցողի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ոստիկանները հարյուրներով առնվազն հաշմված են լկտի, վայրի ու սանձարձակ ցուցարարների գործողությունների արդյունքում:

«Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով»,- գրված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Այս պահի դրությամբ կա ձերբակալված 8 անձ:

Այսօր մենք դիմեցինք ոստիկանություն՝ հասկանալու համար, թե երեկ բերման ենթարկված 111 անձանց վերաբերյալ ինչ գործողություններ են կատարվում: Մեզ խորհուրդ տվեցին դիմել ՔԿ: Քննչական կոմիտեից էլ առանձնապես ասելիք չունեին, միայն հաստատեցին՝ 8 ձերբակալված կա: Ճշտող հարցին՝ զանգվածային անկարգությունների հանցակազմի շրջանակո՞ւմ, պատասխանեցին՝ երևի:

Հիմա վերադառնանք 2018թ. ապրիլ: Այդ ժամանակ և այսօր հարուցված քրեական գործի փաստերը հայելային կրկնվում են:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին կազմակերպված խմբի կազմում ներխուժեց Ռադիոտուն, պետական պահպանության շենք, այլ շենքեր ևս:

2018թ. նույնպես հարուցվեց քրեական գործ նույն զանգվածային անկարգությունների շրջանակում: Կրկին նույն ձևակերպումները՝ «ճեղքելով ոստիկանության պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին…»:

Ի դեպ, 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը գույք էր ջարդել նաև. մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը «քացով» փշրում էր Ռադիոտան դուռը: Մարդկանց նաև պարտադրում էին որոշակի գործողություններ անել:

2018թ. նաև ԵՊՀ էին խուժել՝ չենթարկվելով Մայր բուհ-ի պահպանությունն իրականացնող անձանց օրինական պահանջին, մտել էին նաև տարբեր նախարարություններ:

Այն ժամանակ՝ 2018թ., ասում էին, որ զանգվածային անկարգություններով հարուցված քրեական գործը քաղաքական նկատառումներ ունի, իսկ ինչ է, այսօր հարուցվածը չունի՞…

Մի ուշագրավ հանգամանք ևս. այսօր հարուցված գործի տեքստում խոսվում է կազմակերպիչների մասին: Ակնհայտ է, որ նկատի ունեն պատգամավորներին, բայց դեռ անուններ չեն տալիս: Սա նշանակում է, որ սա դամոկլյան սրի պես կախված է նրանց գլխին, և որ պահին ուզեն՝ գլխավոր դատախազն ԱԺ կմտնի՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու խնդրով:

2018թ.-ին նույնպես պատգամավորներն էին իրադարձությունների կիզակետում: Արթուր Դավթյանն այն ժամանակ մի քանի օրվա մեջ երկու իրարամերժ որոշում կայացրեց՝ մեկ Ազգային ժողով (ԱԺ) մտավ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, մեկ էլ՝ դա հետ վերցնելու համար: Քաղաքական սցենարների մեջ տարբերություն կարծես թե չկա:

Հետաքրքիր է, երբ տարածում են հաղորդագրություն, չե՞ն կարդում իրենց՝ 4 տարի առաջ գրածները:

Եվս մի ուշագրավ հանգամանք. հաղորդագրության մեջ նկարագրված են ոստիկանների ստացած վնասվածքները, բայց չեն նկարագրել քաղաքացիներինը, երբ ամբողջ համացանցը, կրկնում ենք, լի է նման տեսանյութերով և լուսանկարներով: Մինչդեռ ոստիկանների նկատմամբ հարուցված գործի մասին պատմությունը լռում է:

2018թ. զանգվածային անկարգությունների դրվագները բազմաթիվ են. օրինակ՝ Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Բայց այս մեկը, իհարկե, ունիկալ է…

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք  հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք  քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,- 2018թ. ապրիլի 25-ին ՔԿ հրապարակած հաղորդագրությունն է:

2018թ. ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարված իշխանափոխության շարժումն արդեն ըստ էության հաղթանակել էր. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ոչինչ չէր կաշկանդում Նիկոլ Փաշինյանի աչքում դիվիդենտներ հավաքել ու իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել:

Ստացվեց… Ի՞նչ հարց է հիմա փորձում լուծել Արթուր Դավթյանը, դժվար է ասել: