Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեսուն տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված Հանրաքվեի միջոցով Հայությունը վերականգնեց իր անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Հանրապետությունը ներկայիս Հայաստանի տարածքում։ Անկախության վերականգնումը նշանավորվեց նաև Հայության կողմից Հայոց աշխարհի մի երկրամասի՝ Արցախի ազատագրման և Հայրենիքի հետ վերամիավորման համար մղվող կենսական պայքարով։
Ի հեճուկս շրջափակմանը, զենքի ու զինամթերքի պակասին, Հայ ժողովրդի հայրենիքաբնակ հատվածի ամենօրյա զրկանքներին՝ Հայությունը կարողացավ իր ոգու և բազկի ուժով ջախջախել թշնամուն ու սկիզբ դնել Հայրենազրկման հետևանքների վերացմանը։ Սակայն, տարած ռազմական փառահեղ հաղթանակով հանդերձ, 1994 թվականին Հայաստանի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայնվեց՝ Բիշքեկյան հայտնի արձանագրություններում ներառել պետական և ազգային շահերի տեսանկյունից կրավորական ու ոչ միարժեք դրույթներ։ Իսկ 1995 թվականի Ազգային ժողովի խայտառակ ընտրություններից սկսած մեր անկախ պետականության հետագա տարիները առանձնացան հակահայ իշխանական համակարգի ձևավորմամբ և ամրապնդմամբ։
Ի վերջո, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանին կազմակերպված պարտության մատնած թշնամի ուժերը փորձում են ավարտին հասցնել մեր Երկիրը ինքնիշխանությունից զրկելու գործընթացը, ինչը յուրաքանչյուր գիտակից ու նվիրյալ Հային պետք է ստիպի լծվել Հայոց պետական անկախության վերանվաճման անհաշտ պայքարին։
Այսօր հենց սա է այն խորհուրդը, ինչով պետք է ուղղորդվել և նշել Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ