Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։
«Ազգային օրակարգ»-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Մասնավորապես, իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը տապալել է երկրի առջեւ ծառացած խնդիրների կառավարման իր պարտականությունները մի քանի առանցքային ուղղություններով՝
ա) թեեւ համավարակը համաշխարհային մարտահրավեր է, ակնհայտ ձախողել է համավարակի տարածման կանխարգելմանը, դրա առողջապահական եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանը ուղղված անհրաժեշտ քայլերի ծրագրումը եւ իրականացումը, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը արդեն իսկ կանգնել է իր էությամբ համընդգրկուն եւ հետագա կորուստների ծանրության տեսակետից դեռեւս անկանխատեսելի մարտահրավերի առջեւ,
բ) հասարակությունից թաքցրել եւ փաստացի տապալել է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ առկա բանակցային գործընթացը՝ վերադարձնելով բանակցությունները Մադրիդյան սկզբունքների նախնական հանգրվանին, երբ ըստ որեւէ կերպ չհերքված տեղեկությունների, քննարկվում է հարցի փուլային կարգավորման այն տարբերակը, որի պարագայում որպես առաջին քայլ ակնկալվում է Արցախի ազատագրված տարածքների զիջումը, Արցախի հետագա անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց,
գ) հենքային վնաս է պատճառել Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշին, ինչի արդյունքում Հայաստանը էապես վատթարացրել է հարաբերությունները հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների, եւ մասնավորապես ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնության հետ, եւ դարձել է շատ ավելի խոցելի՝ տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ,
դ) անկարող է եղել կազմակերպել օրեցօր ահագնացող հանցավորության դեմ արդյունավետ պայքար, դրա փոխարեն իրականացրել է իմիտացիոն բնույթի թատերականացված միջոցառումներ, որոնք ուղղակիորեն վարկաբեկել եւ արժեզրկել են իրավապահ համակարգը։ Հետեւողականորեն թուլացվել է նաեւ բոլոր ուժային կառույցների ինստիտուցիոնալ ներուժը՝ երկիրը դնելով լրջագույն վտանգների առջեւ,
ե) շարունակաբար կազմաքանդել է պետական կառավարման ողջ համակարգը, լուծարելով գործող հաստատությունները, իսկ այլ կառույցներից էլ դուրս մղելով բարձորակ մասնագետներին եւ կարեւորագույն ոլորտների կառավարումը վստահելով անփորձ քաղաքական դրածոներին։
Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար գործող կառավարության հրաժարականը հասունացած, բացարձակ անհրաժեշտ, սակայն արդեն ոչ բավարար պայման է։ Ճգնաժամի խորությունը եւ ազգային անվտանգության ահագնացած սպառանալիքները պահանջում են հիմնական քաղաքական ուժերի լայն ներգրավվածությամբ, համատեղ պատասխանատվությամբ եւ սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ ձեւավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որը ծրագրային հիմքի վրա ընդունակ կլինի իրականացնել սթափ եւ հաշվարկված հակաճգնաժամային կառավարում, ապահովել առկա մարտահրավերներին համարժեք երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը անցումային շրջանում, եւ համաձայնեցված ողջամիտ ժամկետներում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ բարեփոխված ընտրական օրենսգրքի հիման վրա։
Վերոնշյալ համատեքստում «Ազգային Օրակարգ» կուսակցությունը հայտարարում է շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ անհատ գործիչների կողմից Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, եւ հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու այդ գործընթացին։ Միաժամանակ խստորեն կարեւորում ենք, որ նախատեսվող քաղաքական գործընթացները տեղի ունենան մասնակից կողմերի միջեւ բացառապես համաձայնեցված ծրագրային նպատակների եւ անելիքների շուրջ, լինեն թափանցիկ եւ հստակ հայ հանրության համար, զերծ մնան ցանկացած անդրկուլիսային պայմանավորվածություններից եւ օտարերկրյա ազդեցություններից, եւ անվերապահ ընթանան Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան։
Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ունի բավարար ներուժ այս բախտորոշ ժամանակաշրջանում հաղթահարելու Հայաստանի կողմից առերեսվող դժվարին մարտահրավերները, դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, միավորվելու մեր ընդհանուր ազգային շահերի շուրջ, եւ կերտելու արդար, ազատ եւ անվտանգ ազգային պետություն։