Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Երբ Ցեղասպանության մասին էինք խոսում, շատերին թվում էր, թե խոսքը միայն անցյալին կամ արեւմտահայությանն է վերաբերում, մինչդեռ այսօր արեւելահայությունը եւս ցեղասպանության վտանգի առջեւ է կանգնած․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
Որպես օրինակ՝ նշեց Արցախի վիճակը 44-օրյա պատերազմից հետո։ Մելքոնյանը հիշեցրեց՝ նույնիսկ ՌԴ նախագահն իր մի քանի հարցազրույցներում, որ տվեց պատերազմի օրերին, մատնանշում էր, որ այս խնդիրն իր արմատներում ունի ցեղասպանության հանգամանքը։ «Հայաստանի արեւելյան սահմանների երկայնքով ապրող բնակչությունը մշտապես վտանգի տակ է գտնվում։ Խոսքը մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի մասին է, համոզված եմ՝ շուտով նաեւ Վայքի, Արարատի բնակչության»,- ասաց նա։ Արցախը ստանալուց հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ եւ նվաճողական վարք դրսեւորել Հայաստանի նկատմամբ, իսկ իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հայտարարում են, որ պետք է օր առաջ դելիմիտացիա եւ դեմարկացիա անել՝ թշնամի երկրի ագրեսիան կարծես թե պայմանավորելով հենց այս հանգամանքով։ Պատմաբանը շեշտեց՝ եթե մի երկրի ղեկավաը քանիցս հայտարարել է, որ Գեղարքունիքի, Վայքի, Արարատյան դաշտավայրի, Սյունիքի նկատմամբ տարածքային պահանջ ունի եւ այս տարածքները համարում է Արեւմտյան Ադրբեջան, միամիտ պետք է լինես, որ հավատաս, թե դելիմիտացիայից եւ դեմարկացիայից հետո Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ «Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր փորձում են կենդանություն տալ 19-րդ դարի վերջին քառորդին ասպարեզ եկած պանթուրքիզմի քաղաքականությանը եւ հստակ նշում են, որ պետք է ունենան երկու պետություն, մեկ ազգ։ Հետեւաբար՝ վտանգը մշտապես կախված է ոչ միայն Հայաստանի գլխին, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրների, խորապես համոզված եմ՝ նաեւ Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Միջին Ասիայում ապրող այլ ժողովուրդների»,- ընդգծեց Մելքոնյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան