կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 16:04
Քաղաքական

Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը. ՀՀ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը

Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը. ՀՀ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին զարգացումներին․
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ թշնամական Թուրքիայի ղեկավարից տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միջնորդավորված կերպով նրանից հանդիպում է խնդրել։ Արհամարհելով դիվանագիտական նրբությունները՝ Էրդողանն այդ մասին հայտարարեց և ի ցույց դրեց Հայաստանի ղեկավարության նկատմամբ իր հրամայական ու անհարգալից կեցվածքը։ Հատկանշական է, որ թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը։ Էրդողանի կողմից միայն այդ նախապայմանի հիշատակումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանին պարտադրվող թուրքական այլ նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի դե յուրե ընդունումը և Արցախից հրաժարումը, Հայաստանի իշխանությունները բավարարել են։
 
Հայաստանի՝ միակողմանիորեն տարածաշրջանային խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և անհեռանկար գաղափարներով տարված իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ակնհայտորեն չի հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում պանթյուրքական անթաքույց նկրտումներով առաջնորդվող ժամանակակից Թուրքիան և դրա նախագահը, որը տարված է օսմանյան սուլթանների երբեմնի վարքով։
Բայց Էրդողանն ու մեր ժողովրդի թշնամիները շատ հստակ պետք է հասկանան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին չի՛ կարելի նույնացնել հայկական պետության հետ։ Այո, հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն ժամանակներից մեկը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը հրաժարվելու է իր անժամանցելի իրավունքներից և, տեղի տալով ադրբեջանաթուրքական սպառնալիքներին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։
 
Մեր ժողովրդի պատմության նախորդ դարը ազգային վերածննդի բացառիկ օրինակ ու դաս է։ Կարճ ժամանակում ցեղասպանված ժողովուրդն ի զորու եղավ իր մեջքը շտկել և անհավանական ջանքերով հարյուրամյակների ընդմիջումից հետո պետություն ստեղծել, արվեստ ու մշակույթ զարգացնել, Արցախ ազատագրել։
 
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը և կանխենք Հայաստանի թուրքացումը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը, և մենք համակերպվելու, նահանջելու իրավունք չունենք։
 
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պատերազմի ընթացքում ՆՓ-ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. հետաքրքիր է՝ ի՞նչ փոխվեց, այլևս ահաբեկիչ չե՞ն: