կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-03 18:32
Քաղաքական

Լիբանանում ճգնաժամը միտում ունի խորանալու, հայ համայնքը թիկունքում պետք է զգա Հայաստանի ձեռքը․ Հայկ Քոչարյան

Լիբանանում ճգնաժամը միտում ունի խորանալու, հայ համայնքը թիկունքում պետք է զգա Հայաստանի ձեռքը․ Հայկ Քոչարյան

Լիբանանը ճգնաժամի վտանգավոր հանգրվանում է՝ լիրան խիստ արժեզրկվել է, երկրում երկար ժամանակով լույս չի լինում,  վառելանյութ, դեղորայք, կենսական նվազագույն պայմաններ, որում այս պահին ապրում է նաև լիբանանահայ համայնքը։

Խնդիրը երկրի ներսում գոյություն ունեցող տարբեր խմբերի միջև իշխանության լծակների բաժանման հարցն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրում ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։

«Բավական երկարաձգվող գործընթաց է, որն աստիճանաբար բերեց երկրի տնտեսական կոլապսի։ Այն համակարգը, որը Լիբանանում գործում է՝ տարբեր էթնոկոնֆեսիոնալ խմբեր տարբեր քվոտաներով տարբեր դիրքեր ունեն էթնիկ քաղաքական ղեկավարման համակարգում, այդ համամասնությունը փոխվել է Լիբանանում արդեն իսկ։ Այս ուժերի բալանսավորման խնդիր կա Լիբանանում։ Պետք է բալանսավորվեն, նոր կստեղծվեն այն նախադրյալները, որոնք հնարավորույթուն կտան դուրս գալ այդ խորը ճգնաժամից»,-ասաց նա։

Արաբագետի խոսքով՝ առկա վիճակով շատ դժվար կլինի լուծումներ գտնել գործող քաղաքական համակարգի կոնտեքստում, մինչդեռ եթե բալանսավորվեն ուժերը՝ հնարավոր է ստեղծել իշխանության ոչ ճգնաժամային վիճակ, որը կբերի այնպիսի ծրագիր, որը կօգնի դուրս գալ ճգնաժամից։ Այն գործողությունները, որոնք այսօր տեղի են ունենում Լիբանանում, Հայկ Քոչարյանին չեն հուսադրում։

«Լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է ապրել, որովհետև տնտեսական ճգնաժամ է՝ տնտեսությունը չի աշխատում, հետևաբար, գոյություն ունեցող բազմաթիվ մեղադրանքները՝ թե՛ ոչ արդյունավետ կառավարման, թե՛ կոռուպցիոն սխեմաների առկայության մասին, բերում են տնտեսության անկման, որն էլ իր հերթին առաջինը ազդում է արժույթի վրա»,-նշեց նա։

Սրան գումարվել է Բեյրութի նավահանգստի անցյալ տարվա պայթյունը, որով այն դուրս բերվեց երկրի տնտեսական կյանքից, ինչը կարևոր նավահանգիստ էր և շատ կարևոր ապրանքաշրջանառության մի մաս․ այսօր, փաստորեն, չի աշխատում այդ նույն հնարավորություններով։

Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում ապաստանելու մասին, ասաց, միշտ պետք է մտածենք, բայց նրանք մեր խորհրդի կարիքը չունեն այդ հարցում, տեղափոխվելն իրենց որոշումն է։

«Իրենցից լավ վիճակը ոչ ոք չի հասկանում, որպես Լիբանանի քաղաքական կյանքի մի մաս նրանք շարունակելու են այդ դիրքերում մնալ և պաշտպանել այդ դիրքերը, իսկ ճգնաժամը միտում ունի խորանալու և, երևի թե, պետք է մտածել, թե Հայաստանի Հանրապետության տեսանկյունից մենք ինչեր կարող ենք առաջարկել հայությանը նման դեպքերում։ Ներկա իրավիճակը հուսադրող չէ և հնարավորություն չի տալիս ասելու, որ կարող է ՀՀ-ն ինչ-որ ծրագրեր առաջարկել, բայց նաև այս տիրույթում որոշակի փուլերում պետք է աջակցություն ցույց տալու հնարավորությունները քննարկել, համայնքը միայնակ շատ փորձություններ է տեսել, նախորդ պատերազմներն էլ է հաղթահարել, բայց չէր խանգարի, որ իր թիկունքում զգար պետության ձեռքը»,-ասաց Հայկ Քոչարյանը։

Լիբանանում ճգնաժամը կարող է խորանալ այնքան, որ  երկրի ներսում վերաճի ներքաղաքական ճգնաժամի, նաև բախումների կարող է տանել։ Փաստացի ծրագրերը, որոնք քննարկվում են Լիբանանում, միջազգային տնտեսագետների գնահատմամբ, կենսունակ չեն՝ նշեց արաբագետը։ Հայաստանը  պետք է պատրաստ լինի, որ հաշվի առնի նման դեպքերը՝ Սիրիայի օրինակը աչքի առջև ունենալով։

Աննա Բալյան