կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 21:34
Հասարակություն

«Կներե՛ք, վերտալյոտս փչացած է, ավտոմեքենայով էլ չեմ հասցնի 15 րոպեում այդտեղ հասնել». Փաշինյանին էշին թարս նստեցնել կամեցած աչաջրեցուն միանգամից 2 դատարան է դատում

«Կներե՛ք, վերտալյոտս փչացած է, ավտոմեքենայով էլ չեմ հասցնի 15 րոպեում այդտեղ հասնել». Փաշինյանին էշին թարս նստեցնել կամեցած աչաջրեցուն միանգամից 2 դատարան է դատում
Լրագրող Ոսկան Սարգսյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանին էշին թարս նստեցնել կամեցած աչաջրեցի Սևադա Ղուկասյանի շուրջ ծավալված դատաիրավական գործընթացների վերաբերյալ.
 
«2021թ. մայիսի 10-ին Աչաջուր համայնքի ավագանու անդամ, 1985 թ․ ծնված Սեւադա Ղուկասյանը խորհրդարանի շենքի մոտ ակցիա է իրականացրել։ Նա էշով գնացել է Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասել Նիկոլ Փաշինյանին, հայտարարել , որ Իջեւանում հին ավանդույթ կա, երբ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած ։ Սեւադան հայտարարել է, որ սպասում է Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած՝ տանի Իջեւան: Մայիսի 11-ին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ մայիսի 10-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված, նշանակվել են փորձաքննություններ։ Ս․ Ղուկասյանի ակցիայից հետո ոստիկանները խուզարկել են Աչաջուր գյուղում Ղուկասյանների առանձնատունը՝ օժանդակ բոլոր կառույցներով։ Սեւադան նախկինում հայտնել է, որ իր տան խուզարկությունից ոստիկաններն էական ոչինչ չեն հայտնաբերել, սակայն գիտի, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ են հարուցել, որը կապված է թմրանյութեր պահելու հետ։
 
Սեւադա Ղուկասյանը հայտնեց, որ ապօրինի թմրանյութի հետ կապված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրից հուլիսի 14-ին, ժամը 13․45-ի սահմաններում ինքը ծանուցագիր է ստացել, ծանուցագրում նշված է, որ նույն օրը, ժամը 14․ 00-ին իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստ է նշանակված։ Սեւադան ասաց․ «Զանգեցի ծանուցագրի մեջ նշված հեռախոսահամարով, ասացի՝ կներեք, վերտալյոտս փչացած է, ավտոմեքենայով էլ չեմ հասցնի 15 րոպեում այդտեղ հասնել»: Դատարանից նրան հայտնել են, որ դատական հաջորդ նիստի մասին նախապես կտեղեկացնեն, սակայն մինչ օրս նա դատարանից նոր ծանուցագիր չի ստացել։ Ս․ Ղուկասյանը ծանուցագիր է ստացել նաեւ Սեւանի վարչական դատարանից, որը կապված է էշով Երեւան քաղաք մտնելու հետ, նման արարքի համար Երեւանի ավագանու որոշմամբ տուգանք է սահմանած։ Սեւանի վարչական դատարանից ստացված ծանուցագրում նշված է, որ այդ գործը ընդունվել է դատարանի վարույթ»։