Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրականում ի՞նչ էր կատարվում Սյունիքում, երբ օրեր առաջ թշնամին փակել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, շրջափակել հայկական բնակավայրերը եւ կտրել կապը Իրանի հետ։ Միջազգային լրագրող Նարինե Կիրակոսյանը միջադեպի օրը մեկնել է Սյունիք։ Նա Yerkir.am-ին պատմում է՝ ինչ է կատարվել Հայաստանի հարավում։
«Որոտանի հայտնի կամարը, որը բնության հուշարձան է, գտնվում է մեր պահպանության գոտում, բայց, չգիտես ինչու, ադրբեջանցիների հսկողության տակ էր։ Փորձեցինք էդտեղով անցնել, փակ էր, թույլ չտվեցին, եւ նորից հայկական կողմը չթողեց։ Նորից վերադարձանք Գորիս եւ Խոտ գյուղով փորձեցինք հին գյուղական արահետներով իջնել Որոտան։ Անցանք այդ ճանապարհը․ միայն ամենագնաց մեքենան ու հմուտ վարորդը կարող են անցնել այդ ճանապարհով»,-ասաց միջազգային լրագրողը։
Մինչդեռ Հայաստանի վարչապետը նույն օրը հայտարարել էր, որ փակ միջպետական ճանապարհի փոխարեն կա այլընտրանքայինը։
«Վարորդին խնդրեցի ոչ թե աջ՝ դեպի Որոտան գնալ, այլ հակառակ ուղղությամբ՝ դեպի ադրբեջանցիներ։ Ռուսներն ու ադրբեջանցիները իրարից մեկ մետր հեռավորության վրա էին կանգնած, փակ տարածք մենք չտեսանք․ ընդամենը 3 տակառ էր դրված։ Ադրբեջանցիներն, այսպես ասած, «անհավես» կանգնած էին։ Երբ ներկայանալիս լսեցին, որ միջազգային լրատվամիջոցից եմ, զգաստացան, փորձեցին ցույց տալ՝ իրենք այդտեղ հսկում են։ Ռուսները երբ լսեցին, որ լրագրող եմ, ասացին չեք կարող անցնել, ոնց եկել եք, էնպես էլ պետք է վերադառնաք։ Երբ որ դեպի Շուռնուխ էլ գնացինք, ճանապարհը ազատ էր։ Միջպետական մայրուղին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան բնակավայրերն է կապում, ձախ կողմը վերցրել էին ադրբեջանցիները։ Տեսանք երկու հայ զինվորականի, նրանք բացատրեցին, որ անտառային արահետով կարող ենք դուրս գալ դեպի Տանձավեր, գնալ դեպի Տաթեւի այն գրունտային ճանապարհը, որի մասին խոսվում էր, որ այլընտրանքային ճանապարհ է։ Եթե այն վերականգնվի էլ, չի կարող ծառայել ծանր մեքենաների»,-Yerkir.am-ին պատմեց Նարինե Կիրակոսյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի ասած ճանապարհը, մեկ է, չի կարող այլընտրանքային լինել․ սա ընդամենը մարդկանց վախեցնելու, հայաթափելու ծրագիր է, նկատում է Կիրակոսյանը։
«Ես Սյունիքի ամեն քարն ու թուփը գիտեմ, բայց ինձ մոտ տպավորություն է՝ թշնամուն հատուկ մտցրել են այդ տարածքներ։ Ինչքան էլ ասեն նրանք Կուբաթլու-Զանգելան ճանապարհով են եկել, այդպես չէ․ նորմալ, Գորիսի ճանապարհով են եկել։ Միգուցե մի քանի հոգի այդպես է եկել, բայց մեքենաներով եկել են նորմալ ճանապարհով»,-մանրամասնեց լրագրողը։ «Կապանի, Գորիսի, Տաթեւի համայնքներում ընթանում է ճանապարհաշինություն․ շատ արագ սարքում են ճանապարհները։ Չգիտենք՝ ինչու են էդքան հապճեպ սարքում։ Պատերազմի ժամանակ էլ Մեղրիի հատվածում էին սարքում․ մարդկանց ձեռքը «ռացիա» չկար, շինարարների մոտ կար․ տարօրինակ բաներ էին կատարվում։ Մենք համակարգված գործողություններ չունենք․ չգիտենք պլան Ա-ն, Բ-ն։ Շատ մեծ խաբեություն է, որ թուրքի հետ կկարողանանք ապրել։ Ճանապարհների փակվելը ինձ համար էլ էր առեղծված․ ես չտեսա այն, ինչ որ գրվում էր։ Հստակ ծրագիր է՝ վաղ թե ուշ այդ բնակավայրերն էլ են դատարկելու եւ հանձնեն»,-Yerkir.am-ին պատմեց Նարինե Կիրակոսյանը։
Մոտ 1 շաբաթ է անցել թշնամու՝ Գորիս-Կապան ճանապարհը փակել-բացելու միջադեպից, բայց որեւէ հստակություն չկա՝ ի՞նչ կատարվեց Հայաստանի հարավում։ Ռազմական փորձագետները, վերլուծաբաններն ու նույնիսկ զինվորականները չգիտեն՝ ինչ եղավ։