Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․
Անվտանգության աշխատակիցների գրպանում ծվարած, լկտիացած այս իշխանությունը այդպես էլ չհասկացավ, որ նոյեմբերի 9-ը մեր խայտառակության, մեր պարտության, մեր երազանքների ու, Հայաստանի և Արցախի հանրապետությունների մահվան օրն է։
Փոխանակ այս ամենի վերաբերյալ պատասխանատվություն վերցնելու, սխալները վերլուծելու, ուղղելու, պետականությունը վերականգնելու, նրանք շարունաակում են սլաքներն ուղղել նախկիններին, հպարտանալ՝ ընտրություններում իրենց հաղթանակով և տանում են մեզ նոր պարտությունների։
Հինգ տարի անց կգան նոր ընտրություններ և էլեկտորատը ավելի գարշելի պառլամենտ կվիժի, որովհետև մենք կորցրել ենք այն գաղտնատեսական շիճուկը, որը մեզ ժողովրդից ազգ էր դարձնում։
Այս խորհրդարանը ապագա չունի։ Չի կարելի տասը միլիոնի հասնող աշխարհասփյուռ Հայության ճակատագիրը լուծել ավելի քան վեցհարյուր հազար հայաստանցի ընտրողների ձայներով։ Եւ ընդհանրապես, Հայ ժողովրդի անվտանգության հարցերը ընտրութուններով չեն կարող լուծվել։ Նման հարցերը լուծվում են ինստիտուցիոնալ կառույցներում, այն էլ երկարաժամկետ քաղաքագիտական և ռազմավարական խորքային վերլուծությունների արդյունքում։ Թե չէ, ի՞նչ է ստացվում, կռվում ենք, հարյուրամյակների տառապանք ապրած, կոտրված ու մորթված մեր անցյալից վեր ենք կենում, շտկում ենք մեր մեջքը, հաղթանակներ ենք տանում, թանկարժեք արյամբ շաղախում մեր սուրբ հողը, սակայն գալիս է մի քաղաքական խամաճիկ, պարտվում է պատերազմում, թաքուն, դավադրաբար ստորագրում է մի ստորացուցիչ փաստաթուղթ, ապա, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հովանավորությամբ՝ ընտրություններով ամրագրում այդ պարտությունը ու շարունակում տանել ողջ ժողովրդին իր պատմական ու սուրբ հայրենիքում վերջնակա՞ն բնաջնջման։
Այս պառլամենտը ապագա չունի։ Սա խելացի իմաաստուն մարդկանց տեղը չի։ Մենք պարտավոր ենք ազգային հեղափոխության ճանապարհն ընտրել ու ժողովրդին տանել այդ ճանապարհով։ Ոչ ոք մեզանից չի խլել մեր, այո մեր ազգային հեղափոխության իրավունքը։
Սերունդները մեզ չեն ներելու այսօրվա իշխանությունների հետ մեր համագործակցությունը։ Այո, վերջին հաշվով՝ մենք համագործակցում ենք, երբ անվտանգության աշխատակիցներով լցված, մեծամասնության քմահաճույքին տրամաադրված, բոլշևիզմի դատապարտված դահլիճում քննադատում կամ, անգամ, բռուցքներով կռիվ ենք տալիս պարտության հեղինակների հետ։
Հարկավոր է փոխել ետպատերազմյան իրավիճակում ձևավորված խաղի կանոնները, հարկավոր է նետվել կենացևմահու պայքարի՝ Հանուն մեր երկու հանրապետությունների գոյության ու մեր զավակների ապագայի։