կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-25 14:43
Իրավական

Իրանում ծնված լինելու հանցանքը եւ Հայաստանի դրամատները

Իրանում ծնված լինելու հանցանքը եւ Հայաստանի դրամատները

ԻՐԱՆՈՒՄ ԾՆՈՒԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՅԱՆՑԱՆՔԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄԱՏՆԵՐԸ


2021թ. օգոստոսի 24-ին այցելել եմ Էվոկաբանկի գլխամաս, գումար աւանդ դրել եւ դիմել դոլարով Visa քարտ ստանալու համար։
Աշխատակցուհին նայել է ՀՀ անձնագրիս, խօսել իր կողքին նստած գործընկերուհու հետ, յետոյ հեռախօսով խօսել ինչ որ մէկի հետ եւ ինձ պատասխանել, որ «նկատի ունենալով, որ դուք Իրանում էք ծնուել, ձեզ քարտ չենք տրամադրում»։ Այդ պատասխանն ստանալուց յետոյ գումարս հանել եմ դրամատնից եւ դուրս եկել։


Ես Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի եմ։ 2001թ.-ից մնայուն կերպով եւ առանց ընդհատումների ապրում եմ Հայաստանում։ 2012թ.-ից ՀՀ քաղաքացի եմ։
Հարց եմ տալիս.

1. Էվոկաբանկը, կամ որեւէ այլ դրամատուն, որը այդպիսի քաղաքականութիւն է վարում, ինչու՞ է Իրանում ծնուածների համար հաշիւ բացում, ինչու՞ եւ ի՞նչ հիմնաւորումով է նրանց գումարները որպէս աւանդ ընդունում։ Միթէ հաշիւ բացողը, գումար ներդնողը եւ քարտ պահանջողը Իրանում ծնուած նոյն անձը չէ՞։

2. Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան համար, ՀՀ Կենտրոնական դրամատան համար եւ Էվոկաբանկի ու դրա նման այլ դրամատների համար՝ Իրանում ծնուած լինելը յանցա՞նք է։

3. ՀՀ քաղաքացիութիւն (եւ նաեւ ՀՀ 10 տարուայ յատուկ կացութեան կարգավիճակ) ստանալու համար ՀՀ Ոստիկանութեան անձնագրային վարչութիւնը ինձնից (եւ իմ նմաններից) պահանջում է ապացոյց՝ հայ լինելու մասին։ Հարց եմ տալիս, ըստ ՀՀ իշխանութեան, Կենտրոնական դրամատան եւ Էվոկաբանկի ու դրա նման այլ դրամատների, եթէ մարդը հայ է եւ ծնուել է Իրանում՝ յանցա՞նք է գործել։ Եթէ Իրանում ծնուած լինելը, ի սկզբանէ յանցանք է, ուրեմն ինչու՞ են քաղաքացիութիւն կամ 10 տարուայ յատուկ կացութեան կարգավիճակ տալիս։

Ի դէպ նշեմ, որ այս հարցը նոր չէ։ Դա կար նաեւ նախորդ վարչախմբի ժամանակ։ Իրանահայերը հարցը բարձրացրին։ Լուծուեց։
Յետոյ հարցը կրկին գլուխ բարձրացրեց այս վարչախմբի ժամանակ։ Վարչապետին հարց ուղղուեց։ Պատասխանեց՝ ես տեղեակ չեմ, կը յանձնարարեմ ուսումնասիրեն։ Ի՞նչ եղաւ ուսումնասիրութեան ադրիւնքը։ Տեսնում ենք։

Կենտրոնական դրամատան հետ հանդիպում տեղի ունեցաւ։ Պատասխանեցին՝ դրամատներն իրենք են վարում իրենց քաղաքականութիւնը։ Որոշ չափով ճիշտ են ասում, բայց այս կապակցութեամբ՝ բացայայտ սուտ են ասում։
Դրամատներն ասում են Կենտրոնական դրամատունն է դա իրենց թելադրել։ Ես էլ ասում եմ՝ այդ պարագային թող հրապարակեն Կենտրոնական դրամատնից ստացած համապատասխան գրութիւնը։ Չեն հրապարակում։
Սակայն համառօտ ասեմ ինչ է կատարւում. երեքն էլ՝ վարչապետը, Կենտրոնական դրամատունը եւ այդպիսի քաղաքականութիւն վարող դրամատները սուտ են ասում։ Երեքն էլ պատուէր են կատարում.... Արտասահմանի պատուէրը։

Մտածում եմ, եթէ սրանից 20 տարի առաջ Իրանից Հայաստան չտեղափոխուէի, գնայի Դանիա, Արգենտինա, Ճապոնիա կամ նոյնիսկ Ամերիկա, եւ մինչ այս գրութիւնը գրելուս պահը 9 տարի լինէի այդ երկրի քաղաքացի, արդեօ՞ք այդ 20 տարիների եւ մանաւանդ վերջին 9 տարիների ընթացքում այսպիսի պարզ դժուարութեան առջեւ կը կանգնէի։
Մտածում եմ նաեւ, եթէ ՀՀ իշխանութիւնը ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացու իրաւունքը պարզ ու հասարակ դրամատնային քարտի կապակցութեամբ՝ ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ նման իշխանութիւնից կամ ընդհանրապէս ակնկալիք կարելի է ունենա՞լ նման իշխանութիւնից։

Սարգիս Մկրտչեան
24 օգոստոս, 2021թ.

Յ.Գ.։ Էվոկաբանկի տէրերին ասեմ, որ վերոյիշեալ հարցում իրենք մենակ չեն։ Ամերիաբանկը իրենցից շատ աւելի առաջ է։