Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանում ծնված, սակայն տարիներ անց Ֆրանսիայի Լիոն քաղաք տեղափոխված Ստելլա Ղազարյանը խոհանոցում հրաշքներ է գործում, քանի որ միաժամանակ տիրապետում է երեք ազգերի խոհարարական գաղտնիքներին:
Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքը երեք երկրների ճաշատեսակներն էլ սիրում է, և եթե ֆրանսիական խոհանոցից` քաղցրավենիք, իրանականից փլավներ է պատրաստում, ապա հայկական խոհանոցից տոլմա և մանթը են նախընտրում:
«Ես Իրանում եմ ծնվել և 1973-ին տեղափոխվել Ֆրանսիա: Ծնողներս պարսկահայ են, բայց մեծ մորս արմատները ձգվում են մինչև Մարաղա: Ֆրանսիայում հաստատվեցի և արդեն 30 տարի է՝ Լիոնի Մարգարյան-Փափազյան վարժարանում եմ աշխատում: Այժմ վարժարանի հոգաբարձուների խորհրդի ատենապետն եմ: Վարժարանում 210 աշակերտ է սովորում, ավելի չեն կարող ընդունել, քանի որ դպրոցը փոքր է»,- ասաց Ղազարյանը:
Նա տարեկան 2 անգամ Հայաստան է այցելում, իսկ Ֆրանսիայում տեղացիների մեջ փնտրում է հայերի ջերմությունն ու «լավությունը», բայց, նրա խոսքով, այդպես էլ չի գտնում: «Հայաստանում մարդիկ շատ ջերմ են, նման բան ոչ մի տեղ չես գտնի: Այստեղ «զոռով» է ճարվում դա, անգամ` հայ համայնքի մեջ: Մեզ այստեղ երեխաներն են պահում, կամաց-կամաց գուցե տեղափոխվենք Հայաստան: Երազում եմ՝ Հայաստանում մարդիկ խաղաղության մեջ ապրեն ու գործ ունենան: Ասում են՝ Հայաստանից մարդիկ ուզում են գնալ ԱՄՆ, Գերմանիա, բայց ես ԱՄՆ գնացել եմ, խենթանոց էր, չեմ սիրել, մյուս տեղերում էլ այդպես է: Իսկ Հայաստանում միայն աշխատանքն է պակասում, թե չէ՝ ոչ ոք չի ուզի լքել հայրենիքը»,- ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ դրսում, ինչպես Հայաստանում, հայերը համախմբված չեն, անգամ 210 աշակերտ ունեցող դպրոցում ծնողական ժողովին 3 ծնող է գալիս: Ըստ Ղազարյանի՝ դրսում հայ համայնքի համախմբված լինելն անհրաժեշտություն է՝ հայապահպանության առումով:
Նա նշեց, որ Հայաստանից ժամանած հայերը կարողանում են խոսել հայերեն, բայց եթե Լիոնում են ծնվել, դժվարությամբ են հայերեն խոսում: «Ամեն օր պայքարում ենք այն բանի համար, որ մեր երեխաները գոնե իրար հետ շփվեն, հայերեն խոսեն: Մյուս կողմից, սակայն, պետք է այնպես անենք, որ, ինքնությունը պահպանելուն զուգահեռ, նրանք չմեկուսացվեն մյուսներից: Հիմա դպրոցում երեխաներն օրական 1 ժամ հայերեն են անցնում՝ գրել, կարդալ ենք սովորեցնում ու հայոց պատմություն: Այսինքն՝ միայն դպրոցի տվածը, բնականաբար, բավարար չէ: Եթե երեխային ընտանիքն ու դպրոցը սերմանեն սեր առ հայրենիք, հայերեն խոսեն տանը, երեխան էլ հայերեն կխոսի ու կվերցնի ծնողների տվածը: Երիտասարդները, ովքեր հիմա հետաքրքրված են Հայաստանով և արձակուրդները նախընտրում են անցկացնել Հայաստանում, նրանք են, ում ծնողները նույնպես հետաքրքրված են Հայաստանով»,-ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ դժվար է դրսում պահպանել հայկական ավանդույթները, դրա համար էլ հիմա փորձում են հայաստանյան Միսաք Մանուշյան դպրոցի հետ համագործակցել: Ղազարյանը նշեց նաև, որ իրենց դպրոցը կամավորի կարիք ունի, գումարի կարիք՝ նույնպես: «Հիմա դպրոցում շախմատի խումբ կա, որում 99 տոկոսը Հայաստանից ժամանած հայերի երեխաներն են: Մեր նպատակն է, որ այն երեխաները, որոնք այստեղ են, իմանան՝ որտեղից են գալիս, ինչ պատմություն ունեն: Եթե հայրենիքի հանդեպ սերը չսերմանենք մանկուց, գնալով ավելի կօտարանան: Մեզ համար մեծ խնդիր է՝ ինչպես անենք, որ չկորցնենք մեր արմատները, մեր կապը հայրենիքի հետ: Հայերն, ախր, լավ կողմեր շատ ունեն, ավելին՝ լավ կողմերն այնքան շատ են, որ վատը չի երևում: Միայն աշխատանքի խնդիրն է շատ կարևոր, եթե աշխատանք լինի, ոչ ոք չի հեռանա Հայաստանից, բայց երբ աշխատանք չկա, գնացողին չես կարող մեղադրել»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ Ֆրանսիայում Հայաստանի մասին բոլորը գիտեն՝ ո՞վ չի լսել Ազնավուրի ձայնը: Բացի այդ՝ հաճախ են Հայաստանից հյուրախաղերով Ֆրանսիա մեկնում տարբեր խմբեր. համերգներ, ներկայացումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայերը: «Նարեկ Դուրյանն է հաճախ գալիս հյուրախաղերի, իսկ հիմա Լալա Մնացականյանն է եկել, պիտի փորձենք նրան էլ հրավիրել Լիոն: Սակայն նկատել եմ, որ Հայաստանում պետական քաղաքականություն չկա` մշակույթի առումով, այս գիծը բաց է, ինչը, բնականաբար, անդրադառնում է նաև մեզ վրա»,- ասաց Ղազարյանը: