կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 20:26
Մշակույթ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հրեշավոր հանցանքը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության մասին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հրեշավոր հանցանքը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության մասին

Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

Նա մասնավորապես նշել է.

«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։

Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող  հայատյացության  քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջեւանում եւ հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից եւ պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արեւելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի այս հրեշավոր հանցանքը, որը միաժամանակ նաեւ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի եւ մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»։