Այսօր՝ օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը։ Հռչակագիրն ընդունվեց 1991թ.՝ Հայաստանի Գերագույն խորհուրդի կողմից:
ՀՀ Անկախության հռչակագիր
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈւՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
- Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
- Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
- Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
- Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
- Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
- Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
- Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
- Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
- Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
- Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
- Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
- Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: