կարևոր
4570 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-23 10:42
Հասարակություն

34 տարի առաջ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

34 տարի առաջ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։

Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

Սրանով անկախության հիմքերն ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ.-ի ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։

1990թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը և նրան հաջորդած իրավական ակտերը՝ ընդհուպ մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, վկայում են, որ ադրբեջանական դիվանագիտության «գլխավոր խաղաթուղթը» դարձած «տարածքային ամբողջականության սկզբունքը» պարզ խաբեություն է։ Որովհետև 1991թ.-ի սեպտեմբերի 2-ից մինչև Բելովեժյան համաձայնագիրը իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն դե յուրե չի եղել Ադրբեջանի կազմում։

1991թ.-ի սեպտեմբերի 2-ից հետո դե յուրե Ադրբեջանի կազմում այլևս գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Շահումյանի շրջանի հետ մեկտեղ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված միութենական հանրապետությունների սահմանների մեջ չի մտնում, և այն ոչ թե «վիճելի տարածք» է, այլ Ադրբեջանից դուրս գտնվող, բայց վերջնականապես չճանաչված պետական կազմավորում, որը դեռևս 1990թ.-ի օգոստոսի 23-ին ցանկություն է հայտնել Հայաստանի հետ կերտել միասնական պետություն։

Անկախության հռչակագիրը բաղկացած է 12 կետից՝

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

ՀՀ սահմանադրության նախաբանի դրույթները, ինչպես նաև ՀՀ անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ։