կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-10 12:01
Հասարակություն

Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ

Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ

Հետաքրքիր գիտական սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի անվան շուրջ, չնայած՝ աղմկոտ պատմությունը չի շրջանցում նաև նրա բարձր հովանավոր Արայիկ Հարությունյանին, ով նախկինում ԿԳՄՍ նախարարն էր, իսկ հիմա կառավարության աշխատակազմի ղեկավար:

Yerevan.Today-ի ձեռքի տակ են հայտնվել ծանրակշիռ փաստեր, որոնք նորմալ երկիր լինելու պարագայում անառարկելիորեն կփակեին ԵՊՀ-ի դռները ռեկտորի պաշտոնին հավակնող Հովհաննես Հովհաննիսյանի առջև:

Բանն այն է, որ  ԵՊՀ ռեկտորի կառավարական թեկնածուն նախորդ տարի դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որի մեջ կան գրագողություններ։ 

Գիտական ատենախոսության պլագիատը բացահայտել են վերջինիս գործընկերները, ընդ որում՝ Հովհաննիսյանի համար թերևս խիստ ճակատագրական շրջանում, երբ կառավարությունից երկարած ձեռքերով ԵՊՀ-ում փորձում են վերջինիս խաթեր «հարմար» Հոգաբարձուների խորհրդի կազմ ձևավորել, որպեսզի իշխանության սրտի թեկնածու Հովհաննիսյանը ընտրություններով լեգալացվի ԵՊՀ ռեկտորի պաշտոնում:

Որքանով ակադեմիական գրագողության բացահայտումը կարգելափակի նրա ճանապարհը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար, ցույց կտա Նիկոլի քաղաքական կամքը: Բայց հարկ է հիշեցնել նույնանման հիմքերով Եվրոպական երկրների մի շարք պաշտոնյաների աղմկոտ պաշտոնանկություններ, որոնք միջազգային սկանդալ էին առաջացրել ակադեմիական պլագիատի շատ ավելի մեղմիկ հիմքերով հանդերձ:

2012 թվականին այպիսի սկանդալներ պայթեցին Գերմանիայում․ Կրթության նախարար Անետ Շաֆանը կասկածվում էր գրագողության մեջ: Ընդ որում, գիտական աշխատանքը գրվել էր դրանից 22 տարի առաջ: 

Նույն կերպ, 2012 հունվարին գրագողության մեջ մեղադրվեց նաև Հունգարիայի նախագահ Պալ Շմիտը: Պարզվել էր, որ իր դոկտորական թեզում բառացի օգտագործել էր երկու այլ գիտական աշխատություններ` առանց հղման: Նախագահ Շմիտը ստիպված եղավ հրաժարական տալ, ինչպես նաև զրկվեց գիտությունների դոկտորի կոչումից:

Վերջերս Գիտական  սկանդալ բռնկվեց  Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկի շուրջ՝  ՌԴ ԲՈՀ-ի նախագահության փակ նիստով, որը քննարկման դրվեց նրա դոկտորական գիտական աստիճանից զրկելու հարցը՝ դարձյալ առանց հղումի պլագիատի տողերի պատճառով: 

Իսկ ահա Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցն էլ վերջերս հետաքննություն սկսեց՝ Մուամար Քադաֆիի որդու դոկտորական թեզում գրագողություն (պլագիատ) հայտնաբերելու միտումով: Տարիներ անց նրա դպրոցի ղեկավարությունը բողոք էր ստացել, որի համաձայն՝ Սաիֆ ալ Իսլամը ինքնուրույն չի գրել իր դոկտորական թեզը:

Հ.Գ. Խիստ ուշագրավ է, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի պաշտպանությունն ապահովվել է 2020 թվականին, երբ ինքն ընդգրկված էր Նիկոլ Փաշինյանի թիմում, դարձել էր իմքայլական պատգամավոր,  իսկ իր մտերիմ Սմբատ Գոգյանը հանդիսանում էր ԲՈԿ նախագահը, մյուս հավատարիմ ընկերը՝ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար:

Հովհաննես Հովհաննիսյանի ատենախոսության կեղծված մասերի հրապարակումը՝ քիչ անց։

Աղբյուրը՝ Yerevan.today