կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 22:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանց պայքարի հանձնեցին Շուշին, Կոմանդոսն ապրումներից մահացավ․ 98-ամյա վետերանը՝ հետպատերազմյան Հայաստանի եւ ընտրությունների մասին

Ամենաարյունահեղ պատերազմին մասնակցած Ռոզալյա Աբգարյանը՝ Մեծ հայրենականի 98-ամյա վետերանը, ցավ է ապրում․ «Էս ի՞նչ եղավ, 44 օրում այդքան հող ո՞նց վերցրին։ Ամեն օր լսում էինք՝ հաղթելու ենք։ Մենք այս պարտությանը պատրաստ չէինք։ Պատերազմն ինչքան տղերքի տարավ։ Մեր գենոֆոնդը պակասում է․ ջահել տղաները գնացին, քանի՞ ընտանիք չի լինելու, քանի՞ երեխա չի ծնվելու»։

Հայերի վիճակը, ըստ նրա, բավականին բարդ է, մտահոգված է՝ ադրբեջանական զորքն անընդհատ առաջ է գալիս, հայկական հողեր է վերցնում։

«Մեր ժողովրդի վիճակը բարդ է, տեսնենք՝ ինչ կլինի։ Ամեն օր ասում էին՝ մենք հաղթում ենք, ադրբեջանցի զինվորները փախչում են, կարծում էինք, որ իսկապես այդպես է, նրանց զենքը մնում է մեր դաշտում, հասնում է հայկական բանակին, մտածում էինք՝ մեր բանակը պետք է հաղթի։ Մենք սպասում էինք հաղթանակի, հասանք պարտության»,- նշում է Մեծ հայրենականի վետերանը։

Շուշիի ընկնելը առեղծված է տիկին Ռոզալյայի համար։ Հիշում է․ «Կոմադոսը մեծ դժվարություններով իր զորքով կարողացավ ազատագրել Շուշին։ Հայկական այս քաղաքը, որը ժամանակին մշակույթի կենտրոն էր, որտեղ զարգանում էին գրականությունը, այլ մասնագիտություններ, առանց որեւէ պայքարի հանձնեցին։ Ինձ թվում է՝ մեր Կոմանդոսն ապրումներից մահացավ»։

Հայրենական պատերազմի վետերանը շեշտում է՝ չորս տարի մասնակցել է Հայրենական պատերազմին՝ ամենաարյունահեղ եւ դաժան պատերազմին, ու զարմացած է՝ 44 օրում այդքան հող ադրբեջանցիները ո՞նց վերցրին։ «Էս ի՞նչ բան էր՝ 44 օրում այդքան հող վերցրեցին, բա էդպես կարելի ա՞, ես դեմ եմ։ Տավուշի գյուղերը հայկական են, ինչպե՞ս կարելի է՝ տան նրանց»,- ասում է Ռոզալյա Աբգարյանը։

Հարցին՝ ո՞ր ղեկավարի կառավարման ժամանակաշրջանում ենք ապահով եւ ուժեղ եղել, պատասխանում է․ «Քոչարյանի եւ Սերժի ժամանակ այդքան վտանգավոր չէր, հիմա է, որ թուրքը գլուխը բարձրացրել է, ինչո՞ւ՝ չհասկացա։ 1990-ականներին վատ էինք ապրում, հետո եկավ Քոչարյանը, նրա ժամանակ՝ ոչինչ։ Փաշինյանի օրոք փող ունես, ապրում ես, փող չունես, չես կարող ապրել։ Քոչարյանի ժամանակ կռիվ չկար, Սարգսյանի ժամանակ քառօրյա պատերազմն էր, Փաշինյանի օրոք պատերազմ եղավ 44 օր։ Հենց այնպես մեր հողերը տալ, մեր ժողովրդի հետ խաղալ չի կարելի»։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ տիկին Ռոզալյան ասում է՝ ուզում է այնպիսի կառավարություն ձեւավորվի, որ ժողովրդի վիճակը բարելավվի։ Իշխանություններից վիրավորված է, ասում է․ «Մայիսի 9-ին Փաշինյանը մեզ չկանչեց։ Զգում ենք, որ վետերանները հիմա էն արժեքը չունեն, ուզում ենք, որ ավելի շատ ուշադրություն լինի։ Այն կառավարությունը, որը պետք է հիմա ընտրվի, թող հիշի՝ ինչի համար են ընտրում իրենց։ Հայ մարդը պիտի իրեն անվտանգ զգա, ապահովված լինի աշխատանքով, որ կարողանա իր ընտանիքը կերակրել»։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան