կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 13:04
Քաղաքական

Շարունակելու եմ պայքարը նույնկերպ, անկախ նրանից, նստած կլինեմ ներքևում թե վերևում. ԱԺ փոխնախագահի թեկնածու Ի. Սաղաթելյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթն ամբողջությամբ.

 

Սիրելի՛  հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:

Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ քաղաքական համաձայնությունների, կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների,  ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։

Այն անհրաժեշտ է երկրի  ժողովրդավարության, կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից և քմահաճույքից:  

Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն և այլ մարմիններ ձևավորելու առաջարկին։

Սակայն,

-         մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարևոր մասը,

-         մենք չենք կարող համաձայնություն ունենալ մի իշխանության հետ, ում օրոք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ և տնավեր մարդիք,

-         մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանության հետ, ում գործունեության արդյունքում վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը,

-         մենք չենք կարող պայմանավորվել մի իշխանության հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր մյուս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների և հետապնդումների՝ իրենց քաղաքական հայացքների համար:   

Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության  հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկային ու ապագային վերաբերող տեսլականն է:

 

Եթե փորձեմ կարճ ձևակերպել կամ բանաձևել, ապա  ընդդիմության տեսլականն է՝

 

-         կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

 

Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)

 

-         պահպանելով պետության նոմինալ գոյությունը՝ ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներն  ու շահերը պաշտպանելու առաքելությունից։

 

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնացման և կործանման ճանապարհ:  

 

Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը:

 

2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ դիմագրավելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Հանդես գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.

  • նախ, Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են. երկիրը պատերազմում պարտության տարած, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա,
  • Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում եւ խորհրդում: Լիարժեք իրացնելով  փոխնախագահին տրված լիազորությունները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականության առջև: Վստահ եղեք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթությունները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ անկախ նրանից՝ նստած կլինեմ ներքևում թե վերևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա:
  • Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը եւս մեկ լրացուցիչ գործիք է ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:
  • Ի հեճուկս իշխանությունների որդեգրած քաղաքականության՝ ես, իբրև համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ և Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ  սփյուռքի հետ վստահության վերականգնմանը,  խորացնելու եմ  Խորհրդարանի և  Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։

 

Թեեւ ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել:  

 

Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում՝ ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։

 

Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային  իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի  սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի ապրելու երկիր:

 

Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ,այս իշխանությունը պետք է հեռանա:

 

Պայքարը շարունակվում է…

 

Շնորհակալություն: