կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 11:52
Քաղաքական

Մեր գործունեությունը լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության. Հարութ Շիրինյան

Մեր գործունեությունը լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության. Հարութ Շիրինյան

Lragir.am-ը զրուցել է Բելգիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ: Զրույցում վերջինս անդրադարձել է Հայ դատի գործունությանը՝ նշելով, որ հանձնախմբերի աշխատանքը լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության:

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. 

«Մեր զրուցակիցն է Բելգիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն Հարութ Շիրինյանը:

Վերջին շրջանում երիտդաշնակցականների՝ կուսակցությունից հեռացնելը ինչպե՞ս եք գնահատում։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությո՞ւն կա։

Ես ներկայացնում եմ Բելգիայի Հայ դատի գրասենյակը և չեմ ներկայացնում որևէ կուսակցական կառույց։ Այսինքն՝ մեր գրասենյակը կարող ենք համարել նաև անկուսակցական գրասենյակ, մենք աշխատում ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, ընդհանրապես, ներքին կուսակցական հարցերով չենք զբաղվում։ Բայց որպես երիտասարդ ես կարծում եմ, որ ՀՅԴ-ի մեջ, ընդհանրապես հայ հասարակության մեջ երիտասարդությունն արդեն իր տեղը գտել է։

Կա՞ գաղափարական բախում ՀՅԴ-ի ներսում, որովհետև նշվում է, որ դրսի ու ներսի դաշնակցության մեջ կան տարբերություններ ու տարաձայնություններ։

Բնական է, որ սերունդների մեջ մտածելակերպի տարբերություն կա, բայց կարծում եմ, որ բոլոր դաշնակցական ուժերը, լինեն երիտասարդ, թե ավելի ավագ տարիքի, բոլորի ուղղությունը մեկն է։ Իսկ դրսի ու ներսի տարբերության մասին անկարելի է խոսել, որովհետև մենք, լինելով Բելգիայի Հայ դատի գրասենյակի աշխատակազմ, ամենօրյա կապի մեջ ենք մեր Հայաստանի ընկերների հետ, միասին կատարում ենք մեր գործունեությունն ի նպաստ Հայ դատի, ի նպաստ Հայաստանի և Արցախի։

Իբրև ընդդիմությո՞ւն է ՀՅԴ-ն կարողանում լավ աշխատել, թե՞ երբ կոալիցիայի մաս էր։ Այսօր Դաշնակցությունը գործող իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս, քննադատում է, հանրահավաք է անում, հիմա էլ կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն։ Նախկինում, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր ՀՀԿ-ի հետ, այդ ժամանակ երկրում լրջագույն խնդիրներ կային, բայց ՀՅԴ-ն այսպիսի կեցվածք չէր դրսևորում։

Նորից ասեմ, որ ես Դաշնակցության անունից չեմ կարող պատասխանել, ուղղակի կարող եմ ասել, որ մենք որպես Հայ դատի գրասենյակ, բոլոր իշխանությունների աշխատել ենք նույն ձևով։ Մենք չենք կարող զիջել մեր գագաթնային արժեքները, ով էլ լինի իշխանության, մենք պետք է աշխատենք։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, կապի մեջ ենք ԵՄ-ում Արցախի ներկայացուցիչների հետ։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի ներքին իրավիճակը, մենք աշխատելու ենք։ Շատ նորմալ է, որ Հայաստանում ընդդիմություն կա, այդպես էլ պետք է լինի, սակայն դա մեզ ընդհանրապես չի վերաբերում։ Մեր գործունեությունը դիվանագիտության հողի վրա, լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության։

Իսկ վերջին 1-2 տարվա ընթացքում լոբբինգի առումով ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

Մեր օրակարգում Արցախի հարցը առաջին հորիզոնականում է։ Այսինքն՝ մենք գործում ենք գրեթե այնպես, ինչպես կգործեր Արցախի դեսպանատունը Եվրոպայում, եթե այդպիսին լիներ։ Բոլոր մարդկային և այլ ռեսուրսները դրել ենք դրա համար։ Օրինակ՝ Եվրախորհրդարանում ամեն ամիս, ամիսը երկու անգամ բանաձևներ են լինում, որոնք կարող են վերաբերել Թուրքիային, Ադրբեջանին, տարածաշրջանին։ Մենք այդ բանաձևներին պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի հակահայ նախադասություններ, արտահայտություններ չլինեն։ Մենք գիտենք, թե այս հարցում որքան կարևոր է թուրքական, ազերիական լոբբինգը, մենք գիտենք, թե որքան մեծ ռեսուրսներ են նրանք ծախսում, նրանց լոբբինգն իսկապես պետական մակարդակի վրա է։ Իրենց լոբբինգը պետական մակարդակի վրա է, մերը ավելի մարդկային հողի վրա է։ Մեզ հաջողվել է բավական մեծ թվով բանաձևերի վրա ազդեցություն ունենալ՝ աշխատելով Եվրախորհրդարանի մեզ ընկեր անդամների հետ։ Նրանք արդեն շատ են։ Եվրախորհրդարանի վերջին ընտրություններից հետո բավական թվով հայամետ պատգամավորներ չընտրվեցին։ Մենք հիմա նոր ընթացքի մեջ ենք, որ նոր ընկերներ ձեռք բերենք, նրանց համոզենք Հայաստան և Արցախ այցելել։ Անցյալ տարի Արցախում տեղի ունեցած ֆորումին մեզ հաջողվեց բերել բավական մեծ թվով եվրոպացի գործիչների։ Կային բելգիացիներ, ֆրանսիացիներ, հույներ, գերմանացիներ, կիպրոսցիներ և այլն։ Նրանք առաջին անգամ լինելով Արցախում, հանդիպեցին Արցախի իշխանությունների հետ, ծանոթացան Արցախի հակամարտության գաղտնիքներին, առաջին ձեռքից տեղեկություններ ստացան։ Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև դրանից հետո մենք իրենց որևէ բան փաստելու կարիք չունենք, որքան տեսնեն, որ Արցախի ժողովուրդը մեկուսացած վիճակում է ապրում Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով, դա արդեն բավական է, որ նրանք վերադառնալով Եվրոպա ամեն ինչ անեն Արցախի ժողովրդին օգնելու համար։

Արցախի խնդրի կարգավորման հարցում իշխանության քայլերի վերաբերյալ ի՞նչ անհամաձայնություն կամ համաձայնություն ունեք։ Օրինակ, նշվում է, որ մադրիդյան սկզբունքները փոխվեցին մյունխենյան սկզբունքներով՝ վերջին հանդիպումից հետո։ Այս մասով իշխանությունների հետ կա՞ն անհամաձայնություններ։

Մենք բանակցություններից ընդհանրապես լուր չունենք և այդպես էլ պետք է լիներ։ Մենք այդ ամենին հետևում ենք այնպես, ինչպես ամբողջ հասարակությունը։ Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ապա կարծում ենք, որ դրանք պետք է փոփոխության ենթարկվեն։ Թե ինչով պետք է դրանք փոխարինվեն, մյունխենյան, թե մեկ այլ սկզբունքներով, այդ մեկը հարցականի տակ է։ Մյունխենում տեղի ունեցածն, իմ կարծիքով, որևէ ձևով չպետք է ազդի բանակցային գործընթացի վրա, որովհետև դա քայլ էր ժողովրդին ցույց տալու, որ տեսեք, երկու երկրների ղեկավարները կարող են կողք-կողքի նստել։ Բայց այնտեղ ամեն մի ղեկավար իր դիրքորոշումն առաջ տարավ և փորձեց դիմացինի փաստարկներին հաղթել։ Ինչպիսին էլ լինի բանակցությունների իրավիճակը, մենք պարտավոր ենք աշխատել նախևառաջ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պահպանելու համար, և դա հստակ նշվի միջազգային բանաձևերում։ Հետո նաև պետք է փորձենք մասնակցել Արցախի մեկուսացումից դուրս բերելու աշխատանքին։ Դա կարող է լինել ոչ միայն Եվրոպայի քաղաքական գործիչներ Արցախ բերելով, այլ նաև Արցախի մասին դրական ձևով խոսելով և ցույց տալով, որ այստեղ կա ժողովուրդ, որն ապրում է իր հողում, սակայն չի կարողանում ունենալ իր տարրական իրավունքները, ինչպես ցանկացած երկրի բնակիչ։

1,5 տարի առաջ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նշվում է Հայաստանի՝ միջազգային հարթակներում հեղինակության փոփոխության մասին։ Ի՞նչ եք Դուք արձանագրում։

Այո, կա այդպիսի բան։ Հակառակն ասելը սխալ կլինի։ Եվրոպայում այսօր Հայաստանը դիտարկվում է որպես ավելի ժողովրդավար։ Սա ասում եմ ոչ թե որովհետև իշխանության փոփոխություն եղավ, այլ որովհետև ժողովրդի խոսքը լսվեց։ Փաստը, որ ժողովուրդը դուրս եկավ և դիմեց իշխանափոխության, և դա տեղի ունեցավ առանց մեկ զոհի, դա ցույց տվեց, որ եթե հայ ժողովուրդը մի բան որոշեց, դա կարող է անել։ Դա Եվրոպայում շատ լավ է ընկալվել, բայց այդ ամենը պետք է արդարացնել։ Հեղափոխության հաջորդ տարիները բոլոր երկրներում էլ դժվար է լինում։ Հույս ունեմ, որ Հայաստանում ավելի արդյունքի կկարողանանք հասնել, քան լինում են այլ երկրներում»: