|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ֆրանսիան աջակցություն է հայտնել Կիպրոսին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Կիպրոսի բուֆերային գոտում գտնվող Ֆամագուստայի առողջարանային գոտի Վարոշայի կարգավիճակը փոխելու մասին. ասվում է ֆրանսիական ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեքշաբթի իր աջակցությունը հայտնեց կիպրացի գործընկեր Նիկոս Քրիստոդուլիդեսին Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո»,- ասվում է հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ֆրանսիան խորապես ափսոսում է այդ միակողմանի և չհամաձայնեցված քայլի համար, որը «սադրանք է և խաթարում է վստահության վերականգնման գործընթացը»: Գերատեսչությունը կոչ է անում լիովին համապատասխանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 և 789 բանաձևերին:
«Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված շրջանակին և հիմնված է երկու գոտիների ու երկու համայնքների գոյության սկզբունքի վրա»,- ավելացրել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Կիպրոսում Վարոշայի բացման մասին: Սա զբոսաշրջային թաղամաս է Ֆամագուստայում (Կիպրոսի հարավարևելյան ափ), որը հանրության համար փակ է 1974 թվականից ի վեր՝ թուրքական զորքերի կողմից Կիպրոսի մի մասի գրավումից և կղզու մասնատումից հետո: Վարոշան պաշտպանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թ.բանաձևով։
Մոսկվան ևս անընդունելի է համարել Թուրքիայի գործողությունները, իսկ Հունաստանը հայտարարել է Անկարայի կողմից սադրանքի մասին: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵՄ-ն, ԱՄՆ-ը։