Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախումբը բաց նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի այցին Ադրբեջանում Բելգիայի դեսպանի մասնակցության առնչությամբ: Հայ համայնքը խստորեն դատապարտվել է Բելգիայի դեսպանի մասնակցությունն այդ այցին։
Տիկին նախարար, մենք զարմացանք, երբ իմացանք, որ Բաքվում գտնվող բելգիացի դիվանագետը մի քանի օր առաջ օտարերկրյա դեսպաններից և դիվանագետներից մեկն էր, որոնք ընդունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՝ պատմականորեն հայկական Շուշի քաղաք այցելելու հրավերը, որն այժմ գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ: Բելգիայի մասնակցությունն այս այցին խստորեն դատապարտվում է Բելգիայի հայ համայնքի կողմից:
Ընդունելով այս հրավերը ՝ բելգիական դիվանագիտությունը, փաստորեն, մասնակցել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քարոզչական արշավին, որի նպատակն է արդարացնել էթնիկ զտումն ու պատերազմական հանցանքները, ինչի հետևանքով ամիսներ առաջ տուժել է Շուշիի, ինչպես նաև Արցախի մյուս հատվածների բնիկ հայ բնակչությունը:
Սա լրջորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերը՝ գտնելու տևական, խաղաղ ու արդար կարգավորում Արցախի հակամարտության համար: Բելգիական կողմի մասնակցությունը մեզ շատ ավելի զարմացրեց՝ հաշվի առնելով նաև այն, որ Բելգիան և Դուք անձնապես Ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Ուստի, շատ ավելի լավ կլիներ, եթե հետևեիք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների օրինակին, որոնք հրաժարվեցին մասնակցել այս ուղևորությանը: Նրանց կողմից հրաժարվելը հստակ ուղերձ էր առ այն, որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ:
ԵԱՀԿ-ի երեք հիմնական սկզբունքներից երկուսը `բռնության չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, խախտվել է Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում: Ադրբեջանական վարչակարգն իր հերթին հպարտանում է, որ «հայերը շների պես վտարեց» Արցախից ՝ կործանարար պատերազմի միջոցով, որին աջակցում էին Թուրքիան և սիրիացի ահաբեկչական վարձկանները:
«Տիկի՛ն նախարար, հավանաբար տեղյակ եք, որ տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել փախչել Արցախից ադրբեջանական զորքերի բարբարոսությունների պատճառով: Հայերի էթնիկական զտումների ավարտից հետո Ադրբեջանն այժմ ձեռնամուխ է եղել մշակույթի կեղծման ծրագրին: Այն նաև խթանում է լարվածությունը Հայաստանի հետ սահմանին՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ինքնիշխանության նկատմամբ»,- նշվում է Բելգիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում:
ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նշել է, որ Բելգիայի մասնակցությունն այս այցին հակասում է արտգործնախարարի անձնական կոչերին, որով պահանջ է ներկայացվել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք Բաքվի բանտերում ենթարկվում են անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի:
«Մենք նաև ցավում ենք, որ Բելգիայի կառավարությունն անտեսում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի՝ 2020 թ. դեկտեմբերին ընդունած բանաձևը, որում հստակ դատապարտվեց ադրբեջանական ագրեսիան և ադրբեջանական զորքերը պատմականորեն հայկական տարածքներից, այդ թվում՝ Շուշի քաղաքից անհապաղ դուրս բերելու պահանջ ներկայացվեց»,- ասվում է նամակում:
Որպես Բելգիայի լիիրավ քաղաքացիներ, որոնք շարունակում են հարգել այդ երկրի և Եվրոպայի արժեքները, հանձնախմբի անդամները հորդորել են կառավարությանն ու մասնավորապես նախարարին՝ դատապարտել Ադրբեջանի գործողությունները:
«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն առանց արդարության, իսկ որպեսզի խաղաղությունը մնայուն լինի, դրան պետք է աջակցի ժողովրդավարական աշխարհը»,- նշել են ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի անդամները: