կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 20:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին հանել է Սուրբ Ղազանչեցոցի վեղարը, ծածկել Կանաչ ժամը․ քարինտակցի պատմաբան

Արցախի՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքներում մնացել է 1480-ից ավելի հուշարձան։ Դրանք այնպիսի հուշարձաններ են, որոնք կարելի է համարել հայ ճարտարապետության ակնառու գլուխգործոցներ,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, նախկին պատգամավոր, Արցախի պետական համալսարանի դասախոս, ՀՅԴ Արցախի կառույցի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ադրբեջանը, Հովհաննիսյանի խոսքով, չի դադարեցնում մշակութային ցեղասպանությունը։ Այսօր անհասկանալի ճակատագիր ունեն Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը՝ Կանաչ ժամը, Գրչավանքի վանական համալիրը եւ բազմաթիվ կոթողներ ու խաչքարեր։

«Այսօր Ադրբեջանը սկսել է իր բռնայուրացման քաղաքականությունը, որը շարունակում է՝ Արցախի՝ իրեն անցած ժառանգությունը համարելով աղվանական։ Մշակութային էթնոցիդի քաղաքակությունը այսօր վառ արտահայտված է մեր հուշարձանների յուրացմամբ՝ դրանք համարելով ուդիական։ Բոլոր մասնագետները կարող են միաբերան ասել, որ ուդիական հետք Արցախ-Ուտիք պատմական նահանգներում չի եղել, եւ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեզի աղավաղի այդ եկեղեցիները, նրանց տեսքը, Շուշիի պարագայում՝ այն համարվի ուղղափառ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն ստեղծելով, այնինչ նույն Շուշիի պարագայում, 1960-70-ական թթ․ Շուշիի ռուսական ուղղափառ եկեղեցին իրենք քանդել են եւ տեղը կառուցել էին մշակույթի տուն»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցն ու Կանաչ Ժամը վերանորոգման անվան տակ փակված են, Ղազանչեցոց Ամենափրկիչի վեղարը հանված է, սկսվել է յուրացման քաղաքականությունը։

«Էթնոցիդի մի ուրիշ քաղաքականություն էլ կա՝ հայկական վիմագիր արձանագրությունների ոչնչացումն է։ Ալիեւը իր մի այցելության ժամանակ ցույց տվեց նաեւ մեր՝ 1682 թվականին կառուցված՝ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանք եկեղեցու հայտնի արձանագրությունը։ Փակ է այդ ամենը, բայց հստակ կարող ենք ասել, որ շատ չի ուշանա, որ հայկական վիմագիր արձանագրությունները, հայկական պատմական ճարտարապետական հուշարձանները կվերանան, ինչը նաեւ արել են նախկինում։ Օրինակ Քաշաթաղի շրջանի Քաշունիքի հանրահայտ Լալազարի կամրջի վիմագիր արձանագրությունը քերել-հանելն է»,-Yerkir.am-ին ասաց Արցախի մշակույթի նախկին նախարարը։

Պատմաբանը նկատում է՝ արձանագրությունների մի մասն էլ թշնամին վերացնում է պայթեցումների միջոցով՝ կորցնելով հայկական հետքը։ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ շատ ժայռապատկերներ ու հուշարձաններ էլ, որոնք 1920-ականների ԽՍՀՄ քարտեզով պետք է մեզ մնային, անհասկանալի հանգամանքներում հայտնվել են թշնամու վերահսկողության տակ։ Օրեր առաջ էլ Շուշի էին այցելել Ադրբեջանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու դեսպաններ։ Արդյո՞ք նրանք չեն նկատել հայկական քրիստոնեական հուշարձանները, որոնք թշնամին պղծել եւ պղծում է։

«Ցավոք սրտի, մշակույթն էլ է դարձել քաղաքականության մի մաս։ Այսօր միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվելու համաշխարհային ժառանգության պահպանությամբ, իրենց տեղում չեն։ Առավել եւս, եթե խոսքը վերաբերում է դեսպաններին, որոնք ունեն նաեւ քաղաքական շահախնդրություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կապված, բնականաբար նրանք աչք կփակեն ամեն ինչի վրա։ Քաղաքական եւ տնտեսական շահերը շատ ավելի կարեւոր են իրենց համար, քան հայկական եկեղեցիների խեղաթյուրումը, ավերումը, պղծումը»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։


Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին պատերազմում պարտության պատճառներն ու դավաճանությունը․ փաստեր Արցախից:


Մանրամասն՝ տեսանյութում