կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 16:40
Աշխարհ

Թել Ավիվում արաբական պետության դեսպանատուն է բացվել

Թել Ավիվում արաբական պետության դեսպանատուն է բացվել

Չորեքշաբթի Թել Ավիվում տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան բացման արարողությունը, որին ներկա է եղել Իսրայելի նախագահ Յիցակ Հերցոգը:

Դիվանագիտական առաքելության դռան կարմիր ժապավենը կտրել են նախագահը և Իսրայելում ԱՄԷ դեսպան Մուհամեդ Մահմուդ ալ Հաջան:

«Դեսպանությունը ոչ միայն դիվանագետների նստավայրն է, այլև հարաբերությունների ամրապնդման, գործընկերության և երկխոսության հարթակ»,- ասել է դեսպանը:

Իսրայելի նախագահը նշել է, որ նախկինում Թել Ավիվում ԱՄԷ-ի դրոշ տեսնելը հեռավոր երազ էր թվում, բայց այսօր դա իրականություն է: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումը կարևոր քայլ կլինի ոչ միայն Իսրայելի և ԱՄԷ-ի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի հարաբերությունների համար:

ԱՄԷ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել 2020 թ. սեպտեմբերի 15-ին՝ Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ:

Պաղեստինը քննադատել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու՝ ԱՄԷ-ի որոշումը` պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության ֆոնին:  

Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումները դատապարտել են Իսրայելում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատան բացումը: «Սիոնիստական կազմավորման մեջ ԱՄԷ-ի դեսպանատան բացումը մեծ սխալ է և անարդարություն Պաղեստինի ժողովրդի ու ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: